Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

Հնագետ Բորիս Պիոտրովսկու ընտանիքին Հայաստանում այսօր էլ հիշում են և սիրում։ Պիոտրովսկիների երևանյան տան մասին է պատմում Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։
Sputnik

Երբ Միխայիլ Պիոտրովսկուն հարցրել են,թե երբ է առաջին անգամ եկել Էրմիտաժ, նա պատասխանել է․ «Հենց սովորել եմ քայլել»։ Իսկ լեգենդար թանգարանի տնօրենը քայլել սովորել է իր ծննդավայրում՝ Երևանում։

Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

Երևանում գտնվող Պիոտրովսկիների տունը առանձնանում էր մյուսներից․բակում դրված սեղանի շուրջ երեկոները հավաքվում էին միանգամից չորս ապագա ակադեմիկոսներ։ Հաշվենք՝ հայր և որդի Պիոտրովսկիները, Ֆադեյ Սարգսյանը՝ Գիտությունների հանրապետական ակադեմիայի գլխավոր քարտուղարը,հետո նաև նախագահը, և Լևոն Խաչիկյանը՝ Երևանի Մատենադարանի տնօրենը։

«Սիրում եմ Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները». Պիոտրովսկի

Տունը գտնվում էր քաղաքի կենտրոնում, որի փողոցներով ոչխարի հոտեր էին անցնում (սեփական աչքերով եմ տեսել), կանաչի վաճառողները բարձր ձայնով գոռգոռում էին, իսկ քաղաքի ծայրամասում՝ ցեխի ջրափոսերի մեջ, պառկած էին խոշորեղջույր գոմեշները։

Պիոտրովսկիների տունն ընդարձակ էր, հարմարավետ, բայց սովետական իշխանության հետ միասին Երևան եկավ «բնակարանային խնդիրը»։ Տանտիրուհուն՝ Երանյակ Ջանփոլադյանին, Պիոտրովսկու մորական տատիկին, թույլ տվեցին «խտանալ» և հարևաններին ընտրել սեփական ճաշակով։ Երանյակ Ջանփոլադյանը, պարզվեց, հրաշալի ճաշակ ուներ։

Իսկ ի՞նչ եղավ հետո։ Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։ Պիոտրովսկի-ավագը՝ Բորիս Բորիսովիչը, Պիոտրովսկի-կրտսերին՝ Միխայիլ Բորիսովիչին, պեղումների էր տանում «Կարմիր բլուր», որն ավելի ուշ Միխայիլ Պիոտրովսկին անվանեց ԽՍՀՄ տարածքում կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը, որտեղ ժամանում էին սովորելու, տեսնելու, թե ինչ է նշանակում «ռոմանտիկ հնէաբանություն»։

Իսկ որ ռոմանտիկ հնէաբանություն գոյություն ունի, հաստատել է Ագաթա Քրիստին, որին բոլորը գիտեն իբրև դետեկտիվի վարպետ, և ոչ իբրև արևելյան հնությունների պեղումներին սիրահարված տիկին։

Մեջբերենք քրեական գրականության դասականի էջերից․ «Փորել-հանել կավե ամանեղենի բեկորները, համակարգել, ծալել, ուսումնասիրել զարդաքանդակները՝ դա անվերջ հետաքրքիր աշխատանք էր»։

Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

Ավելացնենք, որ աշխատանքը ոչ միայն հետաքրքիր էր նրանց համար, ովքեր ժամանակին դրանով զբաղվում էին, այլև ուսուցողական նրանց համար, ովքեր զբաղվում են այդ գործով այսօր։ Խոսքը կատվի և մկան կմախքների մասին է, որոնք Բորիս Պիոտրովսկին գտել է «Կարմիր բլուրի» պեղումների ընթացքում հայտնաբերված կավե տարրայում։ Կատուն վազել է մկան հետևից, երկուսն էլ մտել են տարրայի մեջ և չեն կարողացել դուրս գալ։

Այստեղ կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված սերմերից կարելի է իմանալ, թե ինչ հացատիկեղեն էին օգտագործում հնագույն ժամանակներում, նռան ծաղկից՝ որոշել, թե երբ է իրականացվել ամրոցի վրա գրոհը, իսկ մկան ու կատվի «համատեղ սատկելուց» կարելի է հասկանալ այն, ինչն այսօր էլ հանդիպում է նաև քաղաքական տարաձայնություններ ունեցող մարդկանց դեպքում․ որոշակի հանգամանքներում այդ մարդիկ, ինչպես և մուկն ու կատուն, միասին են մահանում։ Ի՞նչ պակաս նախազգուշացում է մերօրյա Հայաստանի՝ մուկն ու կատվի պես անհաշտ ընդդիմադիրների համար։

․․․ 1944թ-ի աշնանը Բորիս Բորիսովիչը սպասում էր առաջնեկի լույս աշխարհ գալուն և բանտարկության մեջ գտնվող Լևոն Գյուզալյանին գրված նամակում նշում էր․ «Մինչև տարեվերջ կծնվի իմ ժառանգորդը կամ ժառանգորդուհին։ Կուզենայի, որ նա շագանակագույն աչքեր ու մուգ մազեր ունենա։ Որովհետև իմ աղջիկը կամ տղան հայկական անուն է կրելու»։

Դեկտեմբերի իննին ծնվեց նրա որդին, որին անվանեցին Միքայել։ Աչքերը շագանակագույն էին, մազերը՝ մուգ։ Ամեն ինչ հոր սրտով էր։

Մեկ Էրմիտաժ երկուսի համար, կամ Պիոտրովսկիների երևանյան տան մասին

Դժվար է ասել՝ արդյո՞ք այն ժամանակ դեռ սկսնակ արևելագետը մտածում էր, որ որդին ժամանակի ընթացքում կփոխարինի իրեն և կգլխավորի աշխարհի լավագույն թանգարաններից մեկը՝ Էրմիտաժը(ֆրանսերենից թարգմանաբար «Էրմինտաժ» նշանակում է այգու տաղավար, առանձնացման վայր, փոքր գյուղական պալատ)։ 1992 թ-ին Միքայելը ստանձնեց Էրմիտաժի տնօրենի պաշտոնը և շարունակվում է ղեկավարել մինչ օրս։

«Էրմիտաժը պետք է սիրի քեզ։ Այն ընդունում է նրանց, ովքեր գալիս են, որ ամբողջ կյանքում այստեղ մնան։ Իսկ նրանց, ովքեր այստեղ գալիս են իմիջիայլոց, թանգարանը շատ արագ դուրս է շպրտում»,-հարցազրույցներից մեկում ասել է Միխայիլ Պիոտրովսկին։

Հարցին, թե ո՞րն է Էրմիտաժի կառավարման ընթացքում իր ամենահամարձակ քայլը, Միխայիլ Պիոտրովսկին պատասխանել է․ «Ոչ մի համարձակ քայլ էլ չեմ արել։ Ամենահամարձակը, գուցե, երեխաների անվճար մուտքը կազմակերպելն էր։ Ես ուղղակի ջանում եմ անել այն, ինչն անհրաժեշտ եմ համարում անել և ասել այն, ինչն անհրաժեշտ եմ համարում ասել, եթե դա վերաբերում է ինձ»։

Պիոտրովսկուն վերաբերո՞ւմ է արդյոք Հայաստանի թանգարանների հարցը։ Իհարկե՝ այո։ Բայց առաջին հերթին ակադեմիկոսը հետաքրքրված է «Կարմիր բլուրով»։

Միխայիլ Պիոտրովսկի. «Հայրս սիրում էր նարդի խաղալ Երևանի տան բակում»

1970-ականներից այստեղ արդեն արդեն պեղումներ էին անում, այն զբոսաշրջիկների ուխտագնացության վայր էր, իսկ հետո, ինչպես դա հաճախ պատահում է, դանդաղ վերածվեց աղբավայրի, և հարկավոր էր ինչ-որ բան անել։

Աղբը մաքրեցին, պուրակ կառուցեցին և սկսեցին ցուցադրության նոր տարբերակներ փնտրել, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են ընթանում պեղումները։

Առաջարկ եղավ այդ գործում ներգրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին։ Էրմիտաժը և Էրմիտաժի տնօրենը, որի համար «Կարմիր բլուրը» շատ ավելին է, քան պարզապես բարձունք, պատրաստ է գործուն մասնակցություն ունենալ գաղափարի իրականացման գործում։

Եվս մեկ հետաքրքիր փաստ մեր քաղաքի պատմությունից․1941թ-ին, երբ սկսվեց պատերազմը և թվում էր, թե հնագիտական պեղումների ժամանակը չէ, որոշվեց չդադարեցնել դրանք։ Բանն այն է, որ Կարմիր բլուրը երևում է Արարատ լեռան լանջերից և պետք էր թուրքերին ցույց տալ, որ չնայած պատերազմին, բնակիչները շարունակում են ապրել առօրյա կյանքով։

․․․ Իսկ 1990թ-ին Պիոտրովսկի-ավագը հայտնվեց հիվանդանոցում։ Կաթված էր ստացել։

Որդին եկավ Երևան, «Կարմիր բլուրից» մի բուռ հող վերցրեց, մի քանի քար և տարավ հիվանդանոց՝ հոր մոտ․ «Չհասցրեց տեսնել»,-հիշում է Միխայիլ Պիոտրովսկին,- «բայց, կարծում եմ՝ ինձ լսեց․․․»։