Պատրաստ եմ «վեթինգվել». Պետրոսյանը կարծում է`վեթինգը պետք է սկսել այսօրվա իշխանությունից

Գևորգ Պետրոսյանն ափսոսում է, որ հնարավոր չէ ստուգել, թե ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնել է, որ պատրաստ է «վեթինգվել»։ Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել` ասելով, որ ով տեղից բարձրանում` դատավորների գույքային դրությունը ստուգելու մասին է խոսում։

«Ձեր գույքային դրությունը ստուգեք, նոր անցեք դատավորներին: Ոնց եմ ափսոսում, որ հնարավոր չի ստուգել, թե այսօրվա շատ «ընտրյալներն» ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում։ Դե, փոխադրամիջոցների մասին էլ չխոսեմ»,–գրել է Պետրոսյանը։

Իշխանությունների ձեռքի մտրակը․ «թեթև» վեթինգը կապահովի դատավորների հավատարմությունը

Նրա խոսքով` վեթինգի գործընթացը պետք է սկսել այսօրվա իշխանության ներկայացուցիչներից` պահպանելով հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական: Պետրոսյանը վստահեցնում է` առաջինը պատրաստ է «վեթթինգվել» ինքը։

Անդրադառնալով հանրաքվեի չեղարկմանը` ԲՀԿ–ական պատգամավորը նշել է, թե այն նշանդրեք չէ, որ չեղարկեն։ Պետրոսյանը կարծում է, որ ինչպես նշանակել են հանրաքվեն, այնպես էլ պետք է դրա տակից դուրս գան, եթե, իհարկե, կարող են։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ հանրաքվեի չեղարկման որոշումը պետք է կայացնի կառավարությունը կամ Ազգային ժողովը։

«Դատական համակարգը չպետք է մահակ դառնա ընդդիմադիրների դեմ». Մարոզյանը` վեթինգի մասին

Ինչ վերաբերում է վեթինգին ու գույքի բռնագանձմանը, ապա մայիսի 23-ից ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։Այն թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը։ Եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա ներկայացվում է դրա բռնագանձման պահանջ, քանի որ այդ դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։ Ուսումնասիրության ենթակա է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքի օրինականությունը: