ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այս պաշտոնում իր առաջին որոշումն է կայացրել։ Ըստ այդմ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկարի փոխարեն այսուհետ կկախվի զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարները։ Տեղեկությունը նա հայտնել է իր Facebook-ի էջի միջոցով։
«Եթե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներում հանրապետության նախագահի լուսանկար կախելն ընկալվում է որպես պետականության հանդեպ եղած տվյալ պաշտոնյայի կամ քաղաքացու հարգանքի դրսևորում, ապա իմ հորդորն ու ցանկությունն է, որ այսուհետ, նախագահի լուսանկարի փոխարեն, այդ աշխատասենյակների ամենատեսանելի անկյունը տրամադրվի մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարներին»,–գրել է նա:
Հարությունյանը նշել է, որ սա իր՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի առաջին որոշումն է: «Մեր ժողովրդի ազատ, արդար ու արժանապատիվ ապագայի կառուցման համար նրանք կյանքով են հատուցել, որպեսզի ապրողներս կարողանանք իրագործել նրանց պատգամը: Ա՛րդ, թող որ ամեն մի պաշտոնյա, ով տեղ կունենա ձևավորվելիք կառավարությունում, յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսի մեր զոհված հերոսների աչքերին նայելով և քաջություն ունենա ինքն իրեն հարցնելու՝ արդյո՞ք պատրաստ է նրանց նվիրական գործը շարունակելու...»,–ավելացրել է Արցախի նախագահը։
Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ
Նա ընդգծել է, որ մեր զոհված հայորդիների պատիվը մեր խիղճն է՝ մեր ունեցած ծանր ու դժվարին անցյալի, մեր շահած ու փայփայած ներկայի և լուսավոր ու բարեկեցիկ ապագայի նկատմամբ, որի շինարարը մեզանից յուրաքանչյուրն է: Մեր հոտնկայս հարգանքն ու խոնարհումը առոչինչ են, եթե թերանում ենք մեր պարտականություններում:
Հետգրության մեջ Հարությանն ավելացրել է, որ արցախյան գոյապայքարի ամեն մի զոհի հիշատակին նվիրված սոսյաց անտառի տնկումն առաջիկա տարիներին անպայման իր ավարտին են հասցնելու: Իսկ ռազմահայրենասիրական դաստիարակությունն առանձնահատուկ տեղ է ունենալու:
Հիշեցնենք, որ երեկ էլ Հարությունյանը հայտնել էր, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար։
Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։