ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հայաստանի մայրաքաղաքի մի շարք բուժկենտրոններում պարետի որոշման խախտումներ են արձանագրվել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է Երևանում գործող մի շարք բժշկական կենտրոնների գործունեությունը։
«24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ` արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարետի կողմից բուժկենտրոններ գործունեության կասեցման որոշումները կայացվել են՝ ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, որը վերաբերում է հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։
Բուժանձնակազմի ջերմությունը պետք է չափվի օրական առնվազն 2 անգամ՝ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում, անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կրումը և դրանց ժամանակին փոխումը՝ դիմակները` 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, ձեռնոցները՝ յուրաքանչյուր պացիենտից հետո, արտահագուստը՝ ամեն օր և այլն։
Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան
Պարետի որոշման համար նաև հիմք են ընդունվել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 374-ով և դարձել 6302