Դիմակը կարևոր է. կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

Վարչապետը, ամփոփելով նիստի աշխատանքները, քննարկման արդյունքներով հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում անդրադարձ է եղել մեր երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին, հաստատված դեպքերի վիճակագրությանը, ընդհանուր դինամիկային:

«Քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և պարետատան սահմանած կանոնները պահպանելու ուղղությամբ իրականացվող վերահսկողությանը վերաբերող հարցեր: Շահագրգիռ մտքերի փոխանակություն է ծավալվել կանխարգելիչ միջոցառումների շուրջ, այս համատեքստում ընդգծվել է պաշտպանիչ դիմակ կրելու կարևորությունը և այդ ուղղությամբ հանրային լայն իրազեկումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամփոփելով նիստի աշխատանքները և քննարկման արդյունքները՝ վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Խախտման դեպքում տուգանվում է ոչ թե վարորդը, այլ երթուղին սպասարկող ընկերության ղեկավարը

Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու, իսկ բաց տարածքներում քաղաքացին իր մոտ պետք է դիմակ ունենա, բայց կրելը պարտադիր չէ, հակառակ դեպքում կտուգանվի 10 000 դրամով:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 374–ով և դարձել 6302։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 մարդ, կատարվել է 49 080 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2936–ը, արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 77 դեպք։

Հաշվի առնելով իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարացրեց ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Արմեն Սարգսյանը ստորագրել է դիմակ չունեցողներին տուգանելու օրենքը