Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, և ինքը իրավունք չունի հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Հրապարակի» հետ զրույցում խոստացել է առաջիկայում մանրամասն անդրադառնալ իր և Միքայել Մինասյանի հանդիպմանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր տեսաուղերձներից մեկում հայտարարեց, թե 2019-ին Հռոմում իր հետ է հանդիպել այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանն ու իրեն գործարք առաջարկել։

«Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ, իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ մի բան ասել` թե՛ իրավական, թե՛ առավել ևս բարոյական տեսանկյունից, գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ հարուցված գործով որևէ կարգավիճակ չունի, հարցաքննվել է որպես վկա։

Ի պատասխան թերթի այն հարցին, թե հանրության համար այդպես էլ պարզ չեղավ՝ որ պահից առաջացան իշխանության հետ հակասություններն ու ինչու թողեց պաշտոնը, Վանեցյանը նշել է, որ իրեն հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել, ինքը հստակ իմացել է իր լիազորությունների սահմանը և մշտապես գործել է դրանց շրջանակներում։

Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է

«Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ և իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն և երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ այն, ինչ կատարվել է և հիմա էլ կատարվում է երկրում, «հարված է մեր պետության հիմնասյուներին»։

Նա նաև հավելել է, որ իր հրաժարականից հետո փոփոխություններ չի նկատել, և հենց դա է այսօր իր` քաղաքականության մեջ լինելու հիմնական պատճառներից մեկը։

«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյանի առաջարկը

Հիշեցնենք` 2019 թվականի սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի դիմումը։ Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց նաև ՀՖՖ նախագահի պաշտոնից։

2019 թվականի վերջին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց իր՝ ակտիվ քաղաքականություն մտնելու և կուսակցություն հիմնադրելու մտադրության մասին։ Նա նաև հիմնել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը և դրա հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին