ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը Վարչական դատարանին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ։ Նա պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի այս տարվա մարտի 13–ի թիվ 101-Ա որոշումը։ Ըստ այդ որոշման՝ Աբովյանի համայնքի ղեկավարը տուգանվել էր նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի՝ դատարանը Վահագն Գևորգյանի հայցադիմումը վարույթ է ընդունել։ Գործով նախնական դատական նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին։ Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Գագիկի Խանդանյանին:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով իրավիճակը։
Քաղաքացի Մարիետա Մխիթարյանին պատկանող և Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 3 հա մակերես զբաղեցնող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փաստացի օգտագործվում է որպես հասարակական սննդի և հանգստի օբյեկտ։
Խոսքը «Օազիս» անունով հանգստի գոտու մասին է։ Մարզպետի կողմից գրության հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիային և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ստուգում։ Դրա արդյունքում կազմվել է հողերի օգտագործման խախտումների ակտ:
Ազնիվ չես ինքդ քո և անցածդ ուղու հանդեպ. Կոտայքի մարզպետը պատասխանել է Սասուն Միքայելյանին
«Պարզվել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականություն հանդիսացող 3.00166 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության, 0.0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասերում առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության կառուցվել և գործում է «Օազիս» անվանումը կրող հասարակական սննդի և հանգստի օբյեկտ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
Արձանագրված խախտումների հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի կողմից մարզպետին է ներկայացվել Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդագիր:
Մարզպետի որոշմամբ Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով։ Տուգանքի պատճառը հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունները չկանխելն է։
Մամուլի հաղորդագրության մեջ հիշեցվում է՝ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, և բոլորս հավասար ենք օրենքի առջև: Կոտայքի մարզում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց մարզպետը խնդրել է պահպանել իրավական նորմերը, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ գործում բացառել խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերական հարաբերություններ սկզբունքով առաջնորդվելը։
Այդ անունը կջնջե՞ն. Կոտայքի մարզպետն առաջարկում է Նոր Գեղիի փողոցին վերադարձնել հին անունը