ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի- Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հետ և շնորհավորել նրա տարեդարձը։
Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին Փարիզում ներկա է եղել ՀՀ նախագահը
«Շառլ Ազնավուր. իմ մեծ հայրենակիցն ու հավերժական բարեկամը։ Այսօր նա կդառնար 96 տարեկան»,-գրել է նախագահը: Իսկ գրառման վերջում նշել, որ լուսանկարն արվել է 1993թվականին Բրյուսելում։
Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Նշանավոր ֆրանսիահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Շառլ Ազնավուր. ֆոտո-պատմություն աշխարհահռչակ շանսոնյեի մասին
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։