ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իրեն հրապարակավ վիրավորելու ու զրպարտելու հիմքով երկու դատական հայց է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
«Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ»,- գրել է նա:
Սիմոնյանը հայտնել է նաև, որ իր՝ ավելի վաղ ներկայացրած հանցագործության վերաբերյալ հաղորդման հիման վրա էլ արդեն հարուցվել է քրեական գործ:
«Վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը` ասեմ, որ ապագայում նույնպես յուրաքանչյուր նման դրսևորում ունենալու է իրավական արձագանք»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք` ապրիլի 29-ին «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը փողոցում հարձակվել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի վրա՝ հրապարակելով վերջինիս` արյունոտ դեմքով լուսանկարը։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ Facebook–ի իր էջում տեղեկացրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշել էր, որ Սիմոնյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, իսկ պատահարի մասին հայտնել է ոստիկանապետ Արման Սարգսյանին։
Գիշերը Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Արթուր Դանիելյանին հանդիպել է ապրիլի 29–ին տուն գնալու ճանապարհին, բարևել նրան, ի պատասխան սեռական բնույթի հայհոյանք ստացել, դրա համար էլ գլխով հարվածել ու ջարդել է նրա քիթը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի քննությունը հանձնարարավել է ՀՔԾ-ին: Իսկ մայիսի 8- ին խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու Սասուն Միքայելյանի միջև միջադեպ տեղի ունեցավ, որը վերածվեց պատգամավորների միջև ծեծկռտուքի:
Դրանից 3 օր անց Միքայելյանն հայտարարեց, որ էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից վիրավորական արտահայտություն է հնչեցրել Ալեն Սիմոնյանի մոր հասցեին: Նույն բանը նրա խոսքով Facebook-ում գրել էր նաև Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը՝ իր մոր հասցեին: Միքայելյանը Մարուքյաններից պահանջել էր ներողություն խնդրել իր և Ալեն Սիմոնյանի ծնողներից: