Նորքի տուն–ինտերնատի տարեցներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության մամուլի քարտուղարի խոսքով` վարակի բռնկման հստակ պատճառը դեռ հայտնի չէ, միայն ենթադրում են, թե որտեղից և ով կարող էր հիվանդությունը «բերել» տարեցների տուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Նոր Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից 17-ը վարակվել են կորոնավիրուսով։ ՀՀ սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նրա խոսքով ՝ 70 մարդ է թեստավորվել, վարակը հաստատվել է 45-ի մոտ։ 28 վարակվածները տուն–ինտերնատի աշխատակիցներն են, մնացած 17–ը` բնակիչները։ Տարեցներից երեքը շարունակում են մնալ գիշերօթիկ հաստատությունում, բայց ինքնամեկուսացել են։ Նրանց դեպքում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, իսկ մնացած 14-ը տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Վարակված աշխատակիցները մեկուսացվել են հյուրանոցում, նրանք նույնպես վարակի ախտանշաններ չունեն։

«Երեք տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է։ Ցավոք, նրանք ունեն ուղեկցող հիվանդություններ, ինչը բարդացնում է բժիշկների աշխատանքը», - նշեց Մարտիրոսյանը։

Մամուլի քարտուղարը հավելեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է վարակը ներթափանցել տուն-ինտերնատ, քանի որ այնտեղ խստագույն կարանտին է եղել դեռ փետրվարի 27-ից: Սակայն ենթադրություն կա, որ վարակը «բերել» է տատիկներից մեկը, որն առողջական այլ խնդիրների պատճառով ավելի վաղ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դուրս գրվելուց հետո կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել։ Բայց երբ վիրուսի ախտանշաններն ի հայտ են եկել նրա սենյակակցի և խնամող երկու աշխատակցի մոտ, այդ ժամանակ որոշվել է զանգվածային թեստավորում անցկացնել։

Հայաստանում կորոնավիրուսից մահացածը 84–ամյա տղամարդ է

«Գիշերօթիկ հաստատության բոլոր աշխատակիցներն այնտեղ էին մնում, որպեսզի վարակը չներթափանցի ինտերնատ։ Այժմ մենք նաև ինֆեկցիոնիստի ենք հրավիրել, որը շուրջօրյա ռեժիմով հետևում է իրավիճակին, - ասաց Մարտիրոսյանը։

Նա վստահեցրեց, որ իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ: Կատարվում է տարածքի ախտահանում, ջերմաչափումներ և այլն:

Նշենք, որ Հայաստանում գործում է երեք տուն-ինտերնատ։ Նոր Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում՝ 250 , իսկ Գյումրու տուն-ինտերնատում ՝ 160 մարդ։

Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 351–ով և հասել 4823–ի։