ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Ռոման Բաբայանի հեղինակային հաղորդման ընթացքում բացահայտել է ԱՄՆ-ի կատարյալ առողջապահական համակարգի մասին լեգենդը։
Նրա կարծիքով՝ այն սուտը, թե ռուսական առողջապահական համակարգն ամերիկյանից վատն է, մարդկանց ներշնչել են անցած դարի 80-90-ական թվականներին։ Բայց իրականում ԱՄՆ-ում բոլորի համար հավասար առողջապահության համակարգ գոյություն չունի, իսկ որակյալ բուժօգնություն կարող են ստանալ միայն ապահովված մարդիկ։ Սիմոնյանը նշում է, որ ԱՄՆ-ում ոչ մեկի մտքով չի անցնի «Շտապօգնություն» կանչել, եթե երեխան ջերմություն ունի կամ տատիկի ճնշումն է բարձրացել։ Դա պարզապես շքեղություն է և կսնանկացնի մարդուն։
«Ի տարբերություն Ռուսաստանի, Ամերիկայում առողջապահական համակարգը վճարովի է, իսկ վճարելու համար պետք է հարուստ լինել, ապահովագրություն ունենալ կամ ինչ-որ պետական ծրագրերի մեջ ներառված լինել։ Հսկայական թվով մարդիկ ուղղակի ապահովագրություն չունեն, իսկ եթե անգամ ունեն, ապա դրանով բոլոր խնդիրները չեն կարող լուծել։ Պետական ծրագրերում ևս ամենևին էլ ոչ բոլոր կարիք ունեցողներն են ներառվում»,-նշել է Սիմոնյանը։
Մասսայական առողջապահական համակարգի բացակայության պատճառով ամերիկացիներից շատերը բժշկի դիմելու սովորություն չունեն։ Սիմոնյանը համարում է, որ կորոնավիրուսից մահացությունների այդքան մեծ թիվը հենց նման առողջապահական համակարգի արդյունք է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում բնակչության մեկ շնչին ընկնող բժիշկների թիվը, նաև մահճակալային ֆոնդը մի քանի անգամ քիչ են։
Սիմոնյանը նաև պատմել է «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի աշխատակիցների շրջանում անցկացված թեստավորման մասին։ Ապրիլի 28-ին գրասենյակից աշխատող 162 մարդ COVID-19-ի թեստ են հանձնել։ Ընդ որում, թեստերից դատելով` նրանց մոտ առկա էր հիվանդությունը՝ սկզբնական կամ սուր փուլում։ Երկու շաբաթ անց հիվանդության ախտանիշներ նրանցից միայն մեկի մոտ են հայտնաբերվել։ Մարգարիտա Սիմոնյանը կարծում է, որ հնարավոր չէ իմանալ կորոնավիրուսով վարակվածների հստակ քանակը, քանի որ ներկայացվող թվերը վարակվածների ընդամենը որոշակի տոկոսն են կազմում։ Այնուամենայնիվ, ուսումնասիրելով Covid-19-ով մարդկանց հոսպիտալացման ցուցանիշներն ու մահերի քանակը, կարելի է պարզել, թե առողջապահական համակարգն ինչպես է դիմադրում վիրուսին։
Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում
Նշենք, որ մայիսի 18-ի դրությամբ աշխարհում COVID-19–ով վարակված դեպքերի հաստատված ընդհանուր թիվը գերազանցել է 4.8 միլիոնը։
Առաջին տեղում է ԱՄՆ–ն, այստեղ բացահայտված դեպքերի թիվը 1 527 664 է, մահացել է 90 978 մարդ։ Երկրորդ տեղում է Ռուսաստանը։ Աղբյուրի համաձայն` այստեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 281 752։ Մահվան ելքով դեպքերը 2 631 են։ Երրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիան, որտեղ հաստատվել է 277 719 դեպք, մահացել է 27 650 պացիենտ։
«Հակավարկանիշի» առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։