Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

Փաստաբանը հայտնում է, որ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչը հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ ֆուտբոլի Ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ, այլ կերպ ասած, ժանտախտի ժամանակ վրեժի մասին, և ահա առաջին «ծիծեռնակները»: Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին»,- գրել է նա:

Փաստաբանի խոսքով` միամտություն կլինի հավատալ, թե ՀԿԳ քննիչը տեղեկություններ չունի այն մասին, որ տևական ժամանակ է` Ռուբեն Հայրապետյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չի կարող մեկ օրվա ընթացքում վերադառնալ հայրենիք:
«Հերթական անգամ փորձ է արվում իրավական դաշտում գործելու պատրանք ստեղծել՝ իբրև օրենքով սահմանված կարգով է անձը ծանուցվում հարցաքննության ներկայանալու, որ կանչեցին ու չեկավ. մյուս օրն էլ աղաղակեն՝ թաքնվում է քննությունից»,- կարծիք է հայտնում Մակինյանը:

Մարտի 16–ին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին թույլ էին տվել մեկնել երկրից։

Հիշեցնենք` 2019–ի նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան

Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

«Սենց բաներով մեզ չեն վախեցնի, ընդամենը շոու է». Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանը փետրվարի 4-ին բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Սակայն 3 ժամ անց նրան ազատ էին արձակել։

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին