«Նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում, բիսեդկեքի՞ց». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ բարձրացած աղմուկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա առցանց ասուլիսում խոսեց Լանզարոտեի կոնվենցիայի մասին` նշելով, որ Հայաստանում մանկապղծության դեպքերը պետք է բացառվեն:

«Այս ամենը նրա մասին է, որ մենք ծնողներին կոչ ենք անում և ուզում ենք համակարգ ստեղծել, որ ծնողները տեղեկացված լինեն, ուշադիր լինեն ու հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որպեսզի, եթե սեռական ոտնձգությունների դեպքեր լինեն, նախ՝ երեխաները ճանաչեն այդ դեպքերը, երկրորդն էլ իրենց ծնողներին ասեն դրա մասին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ` որպեսզի մանկապղծության խնդիրը վերացվի, թեման պիտի բաց լինի:

«Մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ է կապված: Որովհետև այդ պոտենցիալ մանկապիղծներն 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ո՛չ երեխան կասի, ո՛չ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ»,- ասաց Փաշինյանը։

Սարգսյան. «Լանզարոտեի կոնվենցիան շատ լուրջ վտանգներ է պարունակում»

Նրա խոսքով` երեխաների սեռական ոտնձգության դեպքերին նպաստում է հենց այդ փակ համակարգը:

«Բա մանկապիղծի համար դրանից ավելի լավ միջավա՞յր, որտեղ դրա մասին խոսելն ընդունված չէ: Երեխան էլ չի խոսելու, ծնողն էլ չի խոսելու: Եվ ընդհակառակը՝ երբ որ թեման բացվում է, մեծ կանխարգելիչ նշանակություն է ունենում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց` կոնվենցիան նախատեսում է, որ երեխայի սեռական կրթությունը պետք է իրականացվի ծնողի հետ խորհրդակցելով, իսկ երեխան իրավունք ունի հասկանալու՝ այն, ինչ իր հետ տեղի է ունենում, նորմալ է, թե նորմալ չէ:

Ըստ վարչապետի` սեռական դաստիարակության ու կրթության բացակայությունը հանգեցնում է շատ ավելի լուրջ խնդիրների՝ անգամ կյանքի հետագա տարիներին:

«Օրինակ՝ նորապսակները սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում` քուչեքո՞ւմ, բիսեդկեքում, կողքից լսելո՞վ: Իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում: Շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել: Սեռական դաստիարակության բացակայության հետևանքով ինչքա՞ն մարդ է իմպոտենցիայով տառապում ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` մայիսի 11-ին ԱԺ-ն վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս այն չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:

Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին