ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ԵԱՏՄ զարգացման ռազմավարության բոլոր հարցերի շուրջ Հայաստանը համաձայնություն ունի գործընկերների հետ` բացառությամբ մեկ հարցի:
«Դա գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցն է: Այն, որ պետք է լինի գազի ընդհանուր շուկա, դա էլ է արձանագրված: Բայց այդ շուկան ինչ սկզբունքներով պետք է գործի` դեռևս համաձայնեցված չէ»,- ասաց Փաշինյանը:
Մայիսի 19-ին նախանշված է ԵԱՏՄ ղեկավարների հեռավար նիստը, Փաշինյանը հուսով է, որ առաջիկա քննարկման ընթացքում ռազմավարության այդ կարևոր հարցը ևս կհարթվի:
«Դրանից հետո մեր տնտեսական խնդիրը կմնա այդ տնտեսական տարածքում գործելը, զարգանալը և գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնելը: Մեծ հաշվով այլ խնդիրներ չկան»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ տեսաբանակցությունների ժամանակ ասել էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի տեսակապի միջոցով։
Գագաթնաժողովը ծրագրվել էր անցկացնել մայիսի 19-ին Մինսկում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց սահմաններն ու կարանտինային միջոցներ ձեռնարկել։
ԵԱՏՄ-ն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ-ի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։