ՌԱԴԻՈ

Գալոյան. «Առկա իրավիճակը բացարձակապես ենթակա չէ տնտեսական վերլուծության»

Տնտեսագետ Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ասիական զարգացման բանկի կանխատեսումներին, որոնց համաձայն` համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի պատճառով 2020թ.–ին 5,8 տրիլիոն դոլարից մինչև 8,8 տրիլիոն դոլար կկազմեն։
Sputnik
Գալոյան. «Առկա իրավիճակը բացարձակապես ենթակա չէ տնտեսական վերլուծության»

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկմամբ` ներկայիս ուսումնասիրությունների շրջանում ավելի շատ ոչ թե տնտեսագետի կամ կառավարչի կանխատեսում է պետք, այլ հոգեբանի, հատկապես հասարակական հոգեբանության մասնագետների և սոցիոլոգների, որովհետև նման իրավիճակ մարդկության պատմության մեջ չի եղել։

Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին

«Գործազրկության, հարկադիր պարապուրդի մասին է խոսքը, բայցևայնպես եթե հաշվի առնենք, որ մարդկության մի հատվածն այս կամ այն չափով հաջողակ է ֆինանսական առումով և ունի որոշակի միջոցներ, ապա հետաքրքիր է, թե այս ընթացքում ինչի վրա է ծախսում այդ գումարները և կորոնավիրուսի համավարակի թուլացման ընթացքում ինչի վրա կծախսի։ Այս հարցի պատասխանը թերևս ոչ ոք չի կարող տալ»,– նշում է տնտեսագետը։

Գալոյանի կարծիքով` կան տարբեր վարկածներ, թե համավարակի պատճառով ինչ փոփոխություններ կլինեն կամ տնտեսության որ ոլորտն ամենաշատը կտուժի։ Ըստ նրա` կա նաև հակառակ կարծիքը, որի համաձայն` անհասկանալի հոգեբանությունը մարդուն կդրդի գնել թանկ մեքենա, ավելի թանկ ժամացույց, քան կար համավարակից առաջ։ Տնտեսագետի համոզմամբ` առկա իրավիճակը բացարձակապես ենթակա չէ տնտեսական վերլուծության։

Իսկ ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր իրավիճակը Հայաստանի վրա։ Տնտեսագետը նշում է, որ նույն բանը կկատարվի նաև մեր երկրում։ Նա փորձել է պարզել` հիմա, որ անցել են համակարգչային առևտրի, բազմաթիվ մանր, միջին ու մեծ խանութները փորձում են իրենց ապրանքն իրացնել համացանցի միջոցով, զարմացնում է այն հանգամանքը, որ լինում են գնումներ, որոնք երբեք տրամաբանորեն չեն բացատրվի, քանի որ չեն եղել սովորական իրավիճակում։

Այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Փաշինյան

«Շատ ռիսկային է որևէ գնահատական տալը, երբ հայտնի չէ, թե մարդն իր ունեցած միջոցներն ինչի կվերածի, տնտեսության որ ճյուղերը կզարգանան և որ ոլորտները նահանջ կապրեն։ Այդուհանդերձ մի բան հասկանալի է. ֆինանսապես թույլ երկրներում, ինչպիսին է նաև Հայաստանը, որտեղ կա 20-30 տոկոս աղքատության ցուցանիշ, գների տատանումը կլինի շատ տարբեր, հիմնականում սննդի, և, ցավով եմ նշում, հատկապես խոցելի խավերի համար առաջին անհրաժեշտության սննդի ապրանքների գները կբարձրանան»,– ասում է տնտեսագետը։

Գալոյանի գնահատմամբ` վերջին երկու տարիներին, որքան էլ մենք փորձում ենք հեղափոխական ուժերով կամ կանաչների միջոցով կանխել հանքարդյունաբերությունը, այդուհանդերձ հենց այդ ոլորտն էր արձանագրում տնտեսության ամենաբարձր աճի տեմպերը։

Ըստ նրա` եթե համաշխարհային տնտեսությունը ռեգրես ապրի, ապա պղնձամոլիբդենային այդ հանքերի ապրանքը մեզնից չեն գնի։

«Մյուս կողմից մեր վերամշակող արդյունաբերության մեջ հատկապես սննդի վերամշակումն է եղել բավականին աշխույժ։ Հայտնի չէ, թե մեզ որքանով կհաջողվի պահել գյուղատնտեսության ոլորտում այդ միտումը, որպեսզի հաջողվի վերամշակված սնունդը այսուհետ նույնպես արտահանել ու գումարներ վաստակել։ Կանխատեսումների համաձայն` պարենային առումով կարող է նույնիսկ լինել բիբլիական սով։ Գուցե լավ կլինի, որ այդ պարագայում մեր վերամշակվող սննդի արտահանումը որոշակի խթան ստանա։ Հեռանկարային է նաև ծխախոտագործությունը, ծխախոտի արտադրությունը»,– նշում է տնտեսագետը։

Գալոյանի համոզմամբ` մեր տնտեսության մեջ կան ոլորտներ, որոնք անգամ այս վիճակում կապահովեն արտարժույթ, բայց փոխարենը մեր հիմնական արտահանումը` աշխատուժը, ցավոք, չի կարողանա մեկնել արտագնա աշխատանքների, հետևաբար արտասահմանից չի ապահովվի տարադրամի մուտքը Հայաստան։

Կորոնավիրուսն ու ներկրումը. ինչպես կանդրադառնա Covid-19-ը հացի ու հավի գների վրա