Ֆուտբոլը վերադառնում է. հայտնի է` երբ կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկուսուկես ամիս տևած ընդմիջումից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի այսօրվա նիստում որոշվել է մայիսի 23-ից վերսկսել բարձրագույն խմբի առաջնությունը, որը դադարեցվել էր մարտի սկզբին: Իսկ Առաջին խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 30-ին:

Հայաստանում կայծակնային շախմատի մրցաշար կանցկացվի՝ նվիրված մայիսյան հաղթանակներին

Բարձրագույն խմբի թիմերը մարտի 8-ից պարապուրդում էին հայտնվել կորոնավիրուսի համավարակի և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով: Թիմերը ոչ միայն խաղեր անցկացնելու հնարավորություն չունեին, այլ նաև մարզվելու:

Հայտարարված սահմանափակումների մեղմացումներից հետո հայկական թիմերին հնարավորություն տրվեց մարզումները սկսել ապրիլի 23-ից, իսկ այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո պարզ է դարձել, որ բարձագույն խմբի թիմերը ավարտին կհասցնեն 2019/20 մրցաշրջանը:

Մայիսի 23-ին ու հաջորդող երկու օրերին կկայանան 18-րդ տուրի հանդիպումները, որից հետո, առաջնության ձևաչափի համաձայն, առաջինից վեցերորդ տեղերը զբաղեցրած թիմերը կշարունակեն պայքարը մեդալների համար: Իսկ հաջորդ չորս տեղերում հայտնված թիմերը պետք է որոշեին` թե ով է հրաժեշտ տալու բարձրագույն խմբին: Սակայն այս հարցն արդեն ունի իր պատասխանը, քանի որ Երևանի համանուն թիմը վաղուց որակազրկված է ու չի մասնակցում բարձրագույն խմբի առաջնությանը, հետևաբար հենց «Երևանն» էլ հրաժեշտ է տալու լավագույնների մրցաշարին:

Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին

Միևնույն ժամանակ, անկախ 18-րդ մրցափուլի արդյունքներից, արդեն պարզ է, թե որ թիմերը կշարունակեն պայքարը մեդալների համար՝ «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Լոռին», «Շիրակը», «Արարատը» և «Նոան»:

Մայիսի 23-ին խաղադաշտ դուրս կգան «Շիրակն» ու«Լոռին», խաղը կկայանա Գյումրիում, իսկ «Արարատ–Արմենիան» ու «Փյունիկը» ուժերը կչափեն Երևանում։