Էջմիածնում մեկ անձի սպանած, մյուսին՝ դանակահարած 45-ամյա տղամարդը կալանավորվել է

Գեղակերտի 41-ամյա բնակիչը փորձել էր պարզել իր հողատարածքում երիտասարդի գտնվելու պատճառը, բայց իրեն էլ էին տեղափոխել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության և սպանության փորձի համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին ՝ ժամը 02:40-ի սահմաններում, վերջինս բաց պատուհանով մտել էր Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում բնակվող 29-ամյա երիտասարդի տուն։ Դրանից հետո նա իր մոտ պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հրացանով «ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց էր արձակել վերջինիս ուղղությամբ։ Ստացած վնասվածքից երիտասարդը տեղում մահացել էր, իսկ Էջմիածնի բնակիչը դիմել էր փախուստի:

Սպանություն Արմավիրում. 29–ամյա քաղաքացու վրա կրակել են իր տան մեջ

Նույն օրը Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչ: Պարզվել էր, որ նա մարմնական վնասվածքներ է ստացել ավելի վաղ սպանություն գործած Էջմիածնի բնակչի հետ վիճաբանության ժամանակ:

«Մասնավորապես պարզվել էր, որ երիտասարդը, սպանության դեպքի վայրից հեծանվով փախուստի դիմելիս, մտել էր Գեղակերտի 41-ամյա բնակչին պատկանող հողամաս: Վերջինս նկատել և փորձել էր պարզել իր հողատարածքում երիտասարդի գտնվելու պատճառը, որի ժամանակ էլ Էջմիածնի բնակիչը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ էր հասցրել հողամասի սեփականատիրոջ կենսական կարևոր օրգաններին՝ կրծքավանդակի ձախակողմյան, որովայնի ձախակողմյան և պարանոցի հետին հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել էր փախուստի»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Գավառի կրակոցների գործով սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել երրորդ անձին

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Էջմիածին քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորված է։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավապահներին հաջողվել է պարզել սպանություն և սպանության փորձ կատարած անձի ինքնությունը։ Նա Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.-ին։

Գավառի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի․ նոր մանրամասներ

Նկատի ունենալով, որ նշված առերևույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից, որոշում է կայացվել հիշյալ քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: