Կրկին առցանց. Արոնյանը կմասնակցի Lindores Abbey Rapid Challenge մրցաշարին

Մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար ԱՄՆ դոլար, եզրափակչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը մայիսի 19-ից հունիսի 3-ը կմասնակցի արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարին:

Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել

Այս մրցաշարը Magnus Carlsen Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Առաջին փուլին, որի եզրափակչում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, Արոնյանը հայտնի պատճառներով չի մասնակցել։

Առցանց մրցաշարին կմասնակցնեն նաև Մագնուս Կարլսենը, Դին Լիրենը, Յի Վեյը, Յու Յանջին, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Դանիիլ Դուբովը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալիրեզա Ֆիրուջան և Յան-Կշիշտոֆ Դուդան։

Նշենք, որ մրցանակային հիմնադրամը 150 հազար ԱՄՆ դոլար է։ Մրցաշարի հաղթողը կստանա 45 հազար դոլար, եզրափակչի մասնակիցը՝ 27 հազար դոլար։

Հիշեցնենք, որ մայիսի 5-10 անցկացված Ազգերի գավաթի առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը խաղում էր Եվրոպայի թիմում և հաղթանակներ գրանցում։