«Աշխատանքներ են տարվում հատուկ սարքավորումներով դիահերձարան ունենալու համար»․ փոխնախարար

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծում է, որ ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հատուկ պայմաններ են ստեղծվում կորոնավիրուսից մահացածներին դիահերձելու համար։ Տեղեկությունը կառավարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները

«Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է իրականացնել դիահերձումը։ Ներկայում Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ` նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան ունենալու համար, որի պարագայում կկարողանանք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականցնել դիահերձում»,- ասաց նա։

Հավելենք` կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում վերջին մեկ օրում ավելացել են 142–ով և դարձել 3860։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 և մահվան 21 անուղղակի դեպք:

ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ, սակայն կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ:

Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացած է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր կան