ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր մեկնարկած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց նիստը նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը։
Հասկանալու համար` դատավորին ուզո՞ւմ են ինքնաբացարկ հայտնել, թե ոչ` Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը նիստի մեկնարկից առաջ հետաքրքրվեց նրանից, թե որպես ՀՀ քաղաքացի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգի առնչությամբ այս քրեական գործով համարո՞ւմ է իրեն տուժող, թե՞ ոչ։ Ի պատասխան դատավորը հիշեցրեց, որ ինքը գործով դատավորն է, և եթե գործով տուժող լիներ, ապա կունենար գործով տուժողի կարգավիճակ։
Պաշտպանական կողմն ասաց, որ իրենց համար հասկանալի չէ դատարանի դիրքորոշումը, և ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց։
Նույն հարցն Արսեն Բաբայանն ուղղեց գործով դատախազներին, որոնք նույնպես նշեցին, որ եթե անձն իրեն տուժած է համարում, ապա կարող է դիմել վարույթն իրականացնող մարմին ու համապատասխան կարգավիճակ ձեռք բերել։
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի քրեական գործը լրացուցիչ քննության կվերադարձվի
Աշխատանքային ժամի ավարտից ելնելով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին։
Նիստի ավարտից հետո Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր դեմ հարուցված քրգործով շրջանառվող ամսաթվերի անճշտությունները գործավարական փնթիության հետևանք են և որևէ իրավական հիմք չունեն։
«Երբեք չեմ խախտել օրենքն ու Սահմանադրությունը։ Մեկ բան եմ հասկացել` մեղադրվում եմ այն պատճառով, որ ես բժիշկ եմ ու ընտրվել էի ԱԺ նախագահ։ Որպես ԱԺ նախագահ` իմացել եմ, որ պետք է ապահովել ԱԺ–ի բնականոն աշխատանքը։ Իսկ դրա համար գոյություն ունի 650 հոգի աշխատակազմ, որոնց պետությունը վճարում է։ Հենց այդ աշխատակազմն էլ պատրաստում է փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները»,–ասաց Բաբլոյանը։
Նա նշեց` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանից ստացել է փաստաթուղթ, որը հանձնել է իր աշխատակազմին, իսկ հետո աշխատակազմից ստացել է փաստաթուղթ, որի մասին հայտարարել է։ Բաբլոյանը նշեց` բնավորությամբ և մասնագիտությամբ նույն կերպարն է` վիրաբույժ է, և անճշտություններ չի սիրում։
Այնուամենայնիվ, Բաբլոյանը հավելեց, որ գործող իշխանությունից վիրավորված չէ։
Արսեն Բաբայանն էլ ասաց, որ վստահ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո իր դեմ քաղաքական հետապնդում է սկսվել։
«Բավականին կոշտ քննադատություններ եմ հնչեցրել, որոնք, սակայն, հիմք են ունեցել։ Դրանից հետո իմ դեմ արշավ սկսվեց։ Բայց ինձ որևէ քաղաքական ճնշում չի կանգնեցնելու, և ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին»,–ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` իրեն վերագրվող մեղադրանքից չի էլ հասկացվում` ինչի մեջ է ինքը մեղադրվում։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Իսկ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։
«Իրավապահները պետք է զգուշավորություն ցուցաբերեն». Բադասյանը` Բաբլոյանի գործի մասին
ՍԴ–ի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018–ի մարտի 23-ին (70 տարեկան դառնալուն պես), սակայն նա մարտի 21-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ուղարկել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու վերավերյալ, իսկ Բաբլոյանն այն ստորագրել է։
Բաբլոյանը վստահեցնում է` իրեն մի բանի համար կարող են մեղադրել, և դա կապված է Փաշինյանի հետ