ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ։
«Արձակված կրակոցներից վնասվել են գյուղի տներից մեկի ննջասենյակի պատուհանը և միջնապատը։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բերքաբերում միայն մեկ կրակոց է հնչել, որն ուղղված է եղել զինծառայող Արթուր Արզումանյանին
Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, երեկ` մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել էին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը դադաել կրակել։