Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի. վարչապետի պաշտպանը դատարանում ասաց` օրենքը կոպտորեն խախտվել է

Հրայր Թովմասյանն ու իր փաստաբանը դատարան չեն ներկայացել՝ գրավոր միջնորդելով հետաձգել դատական նիստը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործով դատավարությունը:

Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Նիկոլ Փաշինյանը դատարան չէր ներկայացել: Նրա շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբանը` Գևորգ Գյոզալյանը: Դատարան չէին եկել նաև Հրայր Թովմասյանն ու նրա փաստաբանը, բայց փոխարենը գրավոր միջնորդություն էին ներկայացրել դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը:

«Բոլորիս համար փաստ է, որ ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն, և այդ առիթով խրախուսվում է մնալ տանը` չվարակվելու ու այլ անձանց չվարակելու համար»,-միջնորդությունը ներկայացնելով` ասաց դատավոր Գայանե Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, սակայն հայտարարեց, որ միջնորդություն չի ստացել ո՛չ փոստային առաքմամբ, ո՛չ էլ էլեկտրոնային փոստով, ինչը, իր բնորոշմամբ, օրենքի կոպիտ խախտում է:

Սուրենյանց. «Գրիչը չի կարող ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամում քաղաքական փաստարկ լինել»

«Ես միանշանակ առարկում եմ ու խնդրում եմ հայցվոր կողմին զգուշացնել իրենց իրավունքներից բարեխիղճ օգտվելու մասին: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ մարդիկ միջնորդություն են ներկայացրել դատարան, օրենքը կոպիտ խախտել են, և գործի քննությունը հետաձգվում է»,- ասաց Գյոզալյանը:

Հրայր Թովմասյանը խոսում է, Նիկոլ Փաշինյանը` ժպտում. «անհերքելի ապացույց» գրիչի տեսանյութը

Այդուհանդերձ, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդ նիստը նշանակելով հունիսի 19-ին` ժամը 11:00-ին:

Նշենք, որ իր հայցով ՍԴ նախագահը դատարանից պահանջում է ՀՀ վարչապետին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ու հերքել զրպարտող տեղեկությունները:

Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատարան էր դիմել ան բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Դրանից հետո ՍԴ նախագահն առաջարկեց վարչապետի խոսքերն ապացուցող փաստեր ներկայացնել՝ նշելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հայտնի գրիչի լուսանկարը, որն, իր խոսքով, իրեն էր նվիրել Թովմասյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Փաշինյանը նաև գրել էր, թե Թովմասյանն այդ օրն իրեն դիմել է «պարոն վարչապետ ջան» և «պարոն Փաշինյան ջան» դիմելաձևերով:

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից