«Պատասխանին երկար սպասելու խնդիր չենք ունենա». Գյումրիում էլ են կորոնավիրուս ախտորոշում

ՊՇՌ hետազոտությունն իրականացվում է այն անձանց շրջանում, որոնց կարանտինային ժամանակը լրացել է, և նոր նմուշառում իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ (պոլիմերացված շղթայական ռեակցիա) հետազոտություններն արդեն իրականացվում են նաև Շիրակի մարզում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։

«Երեկվանից մենք այդ հետազոտությունն իրականացնում ենք Գյումրիում, ինչը մեծ առավելություն է, քանի որ պատասխաններին երկար սպասելու խնդիր չենք ունենա: Մինչև այս նմուշառումներն իրականացվում էին երևանյան լաբորատորիաներում, իսկ վերջին շրջանում` նաև Լոռու»,- Sputnik Արմենիային ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը` տեղեկացնելով, որ արդեն 33 հետազոտություն է իրականացվել Շիրակի մարզում:

1 փուլով տվյալ սարքավորումն իրականացնում է 34 հետազոտություն, որոնց պատասխանները պատրաստ են լինում 6 ժամ անց:

«Օրվա ընթացքում միջինը կարող ենք իրականացնել 60 ՊՇՌ հետազոտություն»,- ասաց Ասլանյանը։

«Պատասխանին երկար սպասելու խնդիր չենք ունենա». Գյումրիում էլ են կորոնավիրուս ախտորոշում

Մինչ սարքավորումները Գյումրի բերելը տեղի մասնագետները վերապատրաստվել են Երևանում։

Հետազոտությունն իրականացվում է այն անձանց շրջանում, որոնց կարանտինային ժամանակը լրացել է, և նորից պետք է նմուշառում իրականացվի, խոսքը վերաբերում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կամ տնային մեկուսացման մեջ գտնվող պացիենտներին։ Sputnik Արմենիայի հարցին, թե ցանկության դեպքում յուրաքանչյուր անձ կարո՞ղ է ՊՇՌ հետազոտություն անցնել, Ասլանյանը պատասխանեց` նմանատիպ վճարովի կլինիկաներ կան Երևանում, բայց մարզում չկան:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 70 մարդ է բուժում ստանում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ 25 մարդ էլ բուժվում է Երևանում։ Մարզում կորոնավիրուսից մահանալու 6 դեպք է արձանագրվել: Հիվանդության անախտանիշ ունեցող 58 մարդ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի։

Այսօրվա տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3718–ի։