ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Սլուցկու` պատժամիջոցները չեղարկելու կոչին

Գուտերեշը նաև կոչ է անում աջակցել միմյանց առողջապահության ոլորտի խոշորագույն ճգնաժամի դեմ պայքարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աջակցություն է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի պատգամավոր Լեոնիդ Սլուցկու՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին միակողմանի պատժամիջոցները դադարեցնելու անհրաժեշտության մասին ԵՄ-ի, ԱՄՆ-ի և խորհրդարանական կազմակերպությունների քաղաքական գործիչներին ուղղված կոչին։

Ռուսաստանում COVID-19-ից մահացությունը 7,4 անգամ քիչ է, քան ամբողջ աշխարհում

Ըստ ՌԻԱ Նովոստիի` ուղերձում ասվում է, որ գլոբալ համաճարակային սպառնալիքի պայմաններում ժամանակն է դադարել մտածել զսպման տրամաբանությամբ, որը հասարակ մարդկանց գոյատևման սահմանագծին է հասցնում։

«Ես լիովին համամիտ եմ ձեր այն տեսակետի հետ, որ այս գլոբալ մարտահրավերի դեմ պայքարելու համար միջազգային համագործակցություն է պետք։ ՄԱԿ-ի անդամ պետություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությանը, կոչ եմ անում միմյանց աջակցել առողջապահության ոլորտում մեր ժամանակների խոշորագույն ճգնաժամի դեմ պայքարում, այդ թվում` 2020 թվականի մարտին մեկնարկած Հումանիտար արձագանքման գլոբալ ծրագրի ֆինանսավորման միջոցով»,-նշված Գուտերեշի նամակում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ մարտի 26-ին «քսանյակի» ղեկավարներին ուղղված ուղերձում ինքը կոչ է արել ձեռնպահ մնալ պատժամիջոցներից, որոնք կարող են խաթարել համավարակի մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու պետությունների ունակությունը։

«Եվ իմ կոչը մարտի 27-ին կրկնել եմ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ ճեպազրույցի ժամանակ։ Մտադիր եմ այսուհետ ևս հրապարակային և մասնավոր կարգով ակտիվ մասնակցություն ցուցաբերել այդ հարցերի լուծմանը»,- ընդգծել է Գուտերեշը։

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է վարակվելկորոնավիրուսով, ավելի քանի 283 հազարը մահացել են։

Ավելի վաղը Sputnik ռադիոկայանը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բոլոր պետությունների կոչ է արել դադարեցնել հակամարտությունները և միավորվել COVID-19-ի դեմ պայքարում։