Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը վերհիշում է հետպատերազմական Երևանը՝ իր մանկության քաղաքը։
Sputnik

Խոսակցական իմաստով «մայդան» կամ «մեյդան» բառի նշանակությունը ամենևին էլ նույնը չէ, ինչ քաղաքական իմաստով, նշանակում է «հարթ, ազատ տեղ», «շուկա» կամ «առևտրի հրապարակ»։ Երևանի մեյդանը գտնվում էր այն հատվածում, որտեղ հիմա Ռուսաստանի դեսպանատունն է։

Յուրահատուկ լուսավորություն. Հայաստանում ՌԴ դեսպանատունը «75»–ի էր նմանվել

Այդ տարածքը կոչվում էր «Ցախի մեյդան», որովհետև այնտեղ էին հավաքվում փայտահատները, որոնց վարձում էին ձմեռվա փայտ սղոցելու և կոտրելու համար։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

«Ցախի մեյդանից» ամեն առավոտ հարյուրավոր ցախիմեյդանցիներ էին դպրոց գնում (տղաները՝ Մռավյանի անվան, աղջիկները՝ Մայակովսկու)։ Երեխաները նման չէին միմյանց, բայց մի բան միավորում էր նրանց. բոլորը վատ էին հագնված։ Տասնամյակներ անց մենք պիտի հասկանայինք, որ մեր հագածից ոչ թե պիտի ամաչեինք, այլ հպարտանայինք, որովհետև կրում էինք այն հագուստը, որով մեր հայրերը հաղթանակով էին տուն վերադարձել։

Հին լուսանկարներում օբյեկտիվին (որից ուր որ է «ծիտիկ դուրս կգա») նայում են միանման կտրված մազերով, միանման հագնված, միանման զգուշավոր դեմքերով տղաներ։ Առաջին հայացքից` այդ դեմքերում ինչ-որ որբանոցային անփութություն ու գորշություն կա։ Զգացողությունն առաջանում է ոչ միայն լուսանկարների սև ու սպիտակ լինելուց (այն ժամանակ գունավոր լուսանկարներ գոյություն էլ չունեին), այլ առաջին հերթին հագուստից։ (Որոշ ժամանակ անց դպրոցականներին միանման համազգեստ կհագցնեն, որը նույնպես, չգիտես ինչու, մկան պես մոխրագույն կլինի)։

Իսկ այն ժամանակ երեխաների մեծ մասի հագին կարելի էր տեսնել վերաձևված զինվորական բլուզներ, գլխին, եթե տաք էր, «պիլոտկաներ», ցրտին` ականջակալներով գլխարկներ՝ աստղով, ոտքերին` հոր երկարաճիտ կոշիկները, իսկ եթե սովորական կոշիկներ էին, ապա թաթի տակ բամբակ մտցրած, որ ոտքը մեջը «չլողա» (կոշիկները երկար էին դիմանում, քանի որ կրունկի և թաթի տակ մետաղ էր ամրացված)։

Ուրի՞շ։ Շատերը կրտսեր դասարաններ էին գնում գրքերն ու տետրերը հակագազի պայուսակների մեջ խցկած, բայց հաճախ նաև ուսին գցած հրամանատարական տափակ պայուսակներով, իսկ բարձր դասարանցիները՝ սպայական կիտելներով, որոնց ուսերին երևում էին պոկած ուսադիրների հետքերը։

Հաղթանակի կամուրջ, փայտե խաղալիքներ... Հայաստանում ռազմագերիների թողած «ժառանգությունը»

Տղամարդ ուսուցիչները (մեծ մասամբ` ռազմաճակատից եկած մարդիկ) սովորական օրերին դասի էին գալիս պիջակներին շքանշանների ժապավեններ ամրացրած, բայց տոնական օրերին, բնականաբար, կրում էին բոլոր շքանշաններն ու մեդալները։

Աշակերտները հաշվում էին, թե ով քանի շքանշան ունի, համեմատում էին հայրերի պարգևների հետ, վիճում էին, թե ով է պատերազմում ավելի համարձակ եղել, իսկ այն համադասարանցիների մասին, որոնց հայրերը մնացել են պատերազմի դաշտում, չգիտես ինչու չէին մտածում։ Չէին հասկանում, որ մեծագույն պարգևը տուն վերադարձած ծնողներն են։

Մի նրբերանգ։ Դպրոցներում շատ էին նաև պատերազմին մասնակցած կանայք, բայց նրանք բացառապես քաղաքացիական զգեստով էին, «պերմանենտ խոպոպներով», որոնք վեց ամիս էին դիմանում։ Նրանք եղունգները համառորեն կարմիր էին ներկում ու բուրում «Բելայա սիրեն» օծանելիքի բույրով։

Իսկ հայրերը վերադառնում էին ոչ միայն այն հագուստով, որը կրել էին պատերազմի ժամանակ, այլև ռազմավարով։ Այդ առումով Ցախի մեյդանի երեխաները զիջում էին ավագ սպաների և գեներալների երեխաներին, որոնք ապրում էին Երևանի կենտրոնական փողոցներում։

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

Այդ տարիներին Երևանում հայտնվեցին առաջին արտասահմանյան մեքենաները` գերմանական «Օփելներն» ու «Հորկիները», ամերիկյան «Ստուդեբեքերն» ու «Դոջիները», և հետո միայն հայտնվեց լեգենդար «Պոբեդան», որը, չգիտես ինչու, դուր չեկավ Ստալինին։ Պատմում են, որ մի անգամ հետևի նստարանին տեղավորվելիս նրա գլխարկը կպել է դռան վերնամասին և ընկել գլխից, ինչից հետո մեքենայի սրահի դիզայնը ստիպված են եղել շտապ կարգով փոխել։

Պատերազմից հետո ոչ միայն ավտոմեքենաներ, կահույք, սպասք, սպիտակեղեն և կենցաղում հարկավոր այլ իրեր էին տուն բերում, այլև զենք՝ ինչպես սառը, այնպես կրակող։ Եվ ահա այստեղ ցախիմեյդանցիները կարող էին տասը միավորով առաջ անցնել Երևանի մյուս բոլոր երեխաներից։

Ժպտացող օդաչուն ու լողացող աղջիկներին նայող զինվորները. 97–ամյա վետերանի հուզիչ հուշերը

Երրորդ մասի, Շենգավիթի, Այգեստանի և Երևանի մյուս թաղամասերի մասին չեմ կարող դատողություններ անել, բայց մեր կողմերում անհաշվելի քանակությամբ ամենատարբեր կառուցվածքների և տրամաչափերի ատրճանակներ ու ֆիննական դանակներ էին պտտվում։

Ինչպես և որտեղ էլ ծնողները թաքցնեին դրանք (ատրճանակը` առանձին, հավաքված պահունակները կամ գնդակները՝ առանձին), տղաներն առանց սխալվելու գտնում էին արգելված պտուղը և տանում դպրոց՝ գլուխ գովալու։ Խորհրդային «ՏՏ» ատրճանակները, բելգիական «Նագանը», գերմանական «Պարաբելլումը», «Վալտերը», «Մաուզեր» հրացանները․․․ և հետաքրքիր է՝ այն ժամանակ կռվել սիրում էին ու կարողանում էին, բայց չեմ հիշում, որ երբևէ որևէ մեկը մյուսին կրակած լինի։

․․․Հայրերի զինվորական ճտքակոշիկներով ու բամբակաբաճկոններով մեծացած սերունդն այսօր Հայաստանի ամենաավագ սերունդն է, ավելի ավագ չի լինում՝ «պատերազմի երեխաներն» այսօր յոթանասուն և ավելի տարեկան են։

Ֆաշիզմի դեմ կռված ավելի քան կես միլիոն հայերից գրեթե ոչ ոք չի մնացել։ Հաղթանակի հաջորդ շքերթին նրանք է՛լ ավելի քիչ կլինեն։ Տխրելու պատճառ չկա․ ամեն ինչ կյանքի կանոններով է, ճիշտ։ Սխալ կլինի, եթե դադարենք հիշել սխրանքները, այդ սխրանքնեը գործած մարդկանց, հաղթանակով տուն վերադարձած հարազատներին ու մտերիմներին, եթե չցանկանանք իմանալ, թե ինչպես էին նրանք ապրում պատերազմից հետո, ինչպես էին մեծացնում երեխաներին՝ այն երեխաներին, որոնք դպրոց գնում էին հայրերի կոշիկներով և զինվորական բլուզներով ու չէին հասկանում, թե այդ ամենը որքան լավ է իրենց հոգու համար։

Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը