ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱԱԾ–ն ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը օպերատիվ տվյալներ է փոխանցել, որ Արագածոտնի մարզի երկու բնակիչ զբաղվում են հողի բերրի շերտի վաճառքով։ Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրացնելով տեղեկությունները` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
«Արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի երկու բնակիչ, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, Քուչակ, Վարդենիս և Լուսագյուղ համայնքների տարածքներից իրականացրել են սևահողի բերրի շերտի ապօրինի դուրսբերում: Այնուհետև ապօրինի հանույթը նրանք իրացրել են Երևանում՝ տարբեր ֆիզիկական անձանց»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքերի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում Հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի (արգելված գործունեությամբ զբաղվելը) հատկանիշներով, 20 մլն դրամ գումարի չափով կազմվել են արձանագրություններ, հարուցվել վարչական վարույթներ։
«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ օրենսդրությամբ արգելված, լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ ծանուցման իրականացնելուց, ինչպես նաև առանց թույլտվության կամ լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց: