ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՄԻՊ գրասենյակին ուղղված քաղաքացիների դիմում-բողոքները 2016թ-ի համեմատ 2019-ին 2.5 անգամ ավելացել են: Այսօր ԱԺ-ում 2019 թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ այս տվյալները հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Եթե 2016 թ-ին ՄԻՊ գրասենյակը 5113 դիմում էր ստացել, ապա 2019-ին դրանց թիվը հասել է 13 140-ի:
Իր ելույթում մեկ առ մեկ անդրադառնալով մարդու հիմնարար իրավունքներին, ՀՀ ՄԻՊ–ը նշեց, որ ընտրական իրավունքի բնագավառում պահպանվել են 2018 թ-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված բոլոր դրական ձեռքբերումները:
Սոցիալական ապահովության իրավունքի բնագավառում ՀՀ քաղաքացիների այդ իրավքունքը խախտվում է հիմնականում պետական ապարատում ավանդաբար տեղ գտնող անհարկի քաշքշուկների պատճառով:
«Այս իրավունքների խախտումները տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք են և ունեն համակարգային բնույթ: Այսպես՝ 2019թ-ի ընթացքում շարունակվել են մարդկանց կենսաթոշակների դիմումների մերժումները ձևական պատճառաբանություններով՝ բավարարվելով իրավական ակտերի մեխանիկական, մարդու իրավունքները խախտող մեկնաբանություններով»,- ասաց Թաթոյանը:
Մայրը պնդում է, որ 16-ամյա որդուն հայրն ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել
ՄԻՊ-ի դիտարկմամբ` լայն տարածում ունեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիներից դիմումները հատուկ չեն վերցնում, խորհրդատվություն չեն տրամադրում պահանջվող փաստաթղթերի կամ դրանք ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին: Դիմումներն էլ մեժվում են բանավոր կարգով՝ քաղաքացուն զրկելով իր իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորությունից:
ՄԻՊ զեկույցում առանձնացվել է նաև ՀՀ-ից բացակայող կենսաթշակառուներին կենսաթոշակից մեխանիկորեն զրկելու հարցը, եթե քաղաքացին տարվա մեջ մեկ անգամ չի ներկայանում բանկ: Ըստ զեկույցի` միայն 2019թ-ին այս հիմքով դադարեցվել է 40 314 քաղաքացու կենսաթոշակի վճարումը:
«Այս հարցը ևս, կարծում եմ, պետք է լուծում ստանա»,- ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ը խտրական վերաբերմունքի դեպքեր է արձանագրել նաև սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ սոցիալական առայությունների աշխատանքում, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի պահպանության տեսանկյունից: Իսկ պոլիկլինիկաներում պետության կողմից տրամադրվող անվճար դեղորայքի տրամադրման գործընթացում հիմնականում տրամադրվում է ոչ թե բժշկի նշանակած դեղը, այլ դրա որևէ փոխարինիչ:
2019թ-ին ՄԻՊ գրասենյակին ուղղված բողոքների մի ստվար մասն էլ վերաբերել է դատարաններում մարդկանց իրավունքների ոտնահարմանն ու կոռուպցիոն ռիսկերին:
«Բողոքներն ու դատական պրակտիկայի դիտարկումները վկայում են, որ առանձին դատավորներ նույնիսկ իրենց վարքագծով վնասում, ստվերում են դատական համակարգի հեղինակությունը»,- ասաց Թաթոյանը՝ միաժամանակ շեշտելով, որ շատ դեպքերում խնդիրը նաև դատարանների ծանրաբեռնվածությունն է:
Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից
Գործարարների իրավունքները ևս ՀՀ-ում պաշտպանված չեն: Ըստ Թաթոյանի` գործարարների դեմ կիրառվող տուգանքներն անհամաչափ են ու կարող են կործանարար ազդեցություն ունենալ ձեռնարկատերերի համար:
Արման Թաթոյանն իր զեկույցում չշրջանցեց նաև սոցիալական կայքերում առկա արատավոր երևույթները, մասնավորապես՝ ատելության խոսքն ու բռնության քարոզը:
«Դա բերում է վտանգավոր հետևանքներ, կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, սադրում բռնություն: Սա ոչ միայն լարված է պահոմ մթնոլորտը երկրում, այլև վտանգավոր է նրանով, որ կարող է փոխադրվել իրական կյանք՝ հանգեցնելով բռնության»,- զգուշացրեց Թաթոյանը՝ ՀՀ քաղաքացիներին ԱԺ ամբիոնից կոչ անելով չներքաշվել արժանապատվությունը նվաստացնող ու բռնություն քարոզող քննարկումների մեջ:
Լրագրողներին ևս իր զեկույցում ՄԻՊ-ը չանտեսեց՝ նշելով, որ լրագրողի աշխատանքի նկատմամբ առկա են կարծրատիպեր, եթե նրանք խոչընդոտում են պետական մարմինների աշխատանքը:
«Այսպիսի մոտեցումն իհարկե ընդունելի չէ, և դա վերացնելուն կնպաստի նաև լրագրողի մասնագիտական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը»,- ասաց նա:
Արման Թաթոյանը հայտնեց, որ բացի ստացված բողոքներից, ՄԻՊ աշխատակիցները նաև սեփական նախաձեռնությամբ են վարույթներ հարուցել ու այցելություններ կատարել ազատազրկման վայրեր:
Անդրադառնալով ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանությանը, Թաթոյանն ընդգծեց անմեղության կանխավարկածի ոտնահարումը, ինչպես նաև դատապարտյալների վերասոցիալականացման աշխատանքների գրեթե բացակայությունը: