ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ երկիրը մայիսի 12-ից աստիճանաբար դուրս կգա կարանտինից։
Դաշնության սուբյեկտները որոշում կընդունեն, թե որ միջոցառումներն է պետք մեղմացնել, որը` թողնել ուժի մեջ։ ՌԴ նախագահի խոսքով` դա կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից, որը կգնահատեն շրջանների սանիտարական բժիշկները։
Համընդհանուր ոչ աշխատանքային օրերը, որոնք տևեցին մոտ մեկուկես ամիս, կավարտվեն մայիսի 12-ին, բայց դաշնության յուրաքանչյուր սուբյեկտ պարտավոր կլինի գործողությունների ծրագիր մշակել՝ տեղում հաշվի առնելով իրավիճակը։
Աստիճանաբար կվերսկսվեն աշխատանքները արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում։ Այնտեղ, որտեղ ձեռնարկությունները չեն կարող շարունակել աշխատանքը, մարզերը պետք է մտածեն, թե ինչպես աշխատանքով ապահովեն աշխատակիցներին:
Բացի այդ, կառավարությունն ու մարզպետները կընդլայնեն տուժած ձեռնարկություններին և աշխատակիցներին տրամադրվող աջակցությունը։
ՌԴ–ն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ․ Պուտին
Օրինակ` ձեռնարկությունները կարող են մինչև 2021 թ․-ի ապրիլը 2% տոկոսադրույքով վարկ ստանալ։ Ընդ որում` եթե ընկերությունը պահպանի աշխատակիցների առնվազն 80%-ին, ապա վարկը կիսով չափ դուրս կգրվի, իսկ եթե 90%–ից ավելին, ապա վարկը դուրս կգրվի ամբողջությամբ։
«Առաջին հերթին այդ վարկերը պետք է օգտագործել աշխատավարձերը վճարելու համար»,– ընդգծել է նախագահը։
Վարկերը կտրամադրվեն յուրաքանչյուր աշխատակցի համար 1 նվազագույն աշխատավարձի հաշվարկով (ՌԴ շրջանների մեծ մասում այն կազմում է 12 130 ռուբլի, իսկ Մոսկվայում՝ գրեթե 20 հազար), բազմապատկած վեցով։
Պուտին․ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման պիկը դեռ առջևում է
Օգնություն է նախատեսված նաև երեխա ունեցող ընտանիքների համար։ Մասնավորապես երկու անգամ կավելանա երեխայի խնամքի նպաստը՝ մինչև 6 751 ռուբլի։ Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին երեք ամսվա ընթացքում յուրաքանչյուր երեխայի համար կվճարեն ամսական 3 հազար ռուբլի։ Ընդհանուր առմամբ լրացուցիչ օգնություն կստանա 27 միլիոն երեխա։
Աշխատավարձի հավելում է նախատեսվում բժիշկների, ուսուցիչների, սոցիալական և վարչական աշխատողների համար (ովքեր աշխատել են վիրուսով վարակվածների հետ՝ ավելացված չափով)։
Նշենք, որ ՌԴ-ում դեռ կարգելվեն զանգվածային միջոցառումները, իսկ 65-ից բարձր տարիքի քաղաքացիներին խորհուրդ է տրվում շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը։
Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում