«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

Վառ գույների վրձնահարվածներ, կյանքի շարունակականություն ու բնության արժևորում. համավարակը շիրակցի երիտասարդ արվեստագտներին նորը ստեղծելու հնարավորություն է ընձեռում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան․ Տանը մեկուսանալը շատ արվեստագտների համար մտքի թռիչքը կտավին կամ արույրին նորովի հանձնելու հնարավորություն է: Կորոնավիրուսը  շատերին ստիպում է իրենց աշխատանքներում նորույթ մտցնել:

«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ

Երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանի կտավները միշտ են առանձնացել հայրենի տուֆաշխարհի վառ ներկապնակով: Հիմնականում երփներանգ ծաղիկներ նկարող 25-ամյա արվեստագետի համար համավարակը «Փոթորիկն» ու «Մեղուն» արարելու լավ առիթ էր: Կորոնավիրուսը,  ըստ նկարչուհու, նաև բնությունը գնահատելու հնարավորություն է: Լիլիթի նոր ստեղծագործությունները նախորդներից տարբերվում են իրենց յուրօրինակ գունախաղով:

«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

«Այս ընթացքում ծաղիկներ էլ եմ նկարել, բայց հատկապես «Փոթորիկում» օգտագործված գույներով առաջին անգամ փորձել եմ նկարել համավարակը։ Կտավում եղած գույներով ուզում եմ ցույց տալ, որ թեև կան փոթորիկ և ալիքներ, կա նաև լույս»,- պատմում է Լիլիթը՝ հավելելով, որ մյուս գործը՝ «Մեղուն», ծնվել է շատ պատահական. ծնողների  տան բակում տեսել է մեղվին և որոշել է նրան մի քանի ժամում «հանձնել» կտավին՝ որպես  շարունակվող կյանքի ու դեպի վեր սլացող մտքերի խորհրդանիշ:

«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

Զինամթերքից զարդեր պատրաստող գյումրեցի արվեստագետ HayAr ապրանքանիշի հեղինակ Արտակ Թադևոսյանը, որի աշխատանքներին Sputnik Արմենիան արդեն իսկ անդրադարձել է, այս ընթացքում էլ իր հիմնական աշխատանքով է զբաղվել, սակայն երկարատև դադարից հետո հենց «Կորոնան» ստիպեց նորից վրձին վերցնել ու մտքերը կտավին հանձնել:

«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

«Վերջին անգամ 2016-ին էի նկարել: Կտավի գաղափարը խորն է՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով, իսկ կորոնավիրուսը ստիպում է արժեվորել ու գնահատել ունեցածը: Վարակը ցույց տվեց, որ մարդը ամենակարող ու զորեղը չէ։ Բնությունն է կատարյալ: Մարդիկ  ու կենդանիները տեղերով փոխվեցին․մարդիկ հայտնվեցին անազատության մեջ, կենդանիները՝ ազատության: Մարդը պետք է կարողանա գնահատել ունեցածը»,- կտավը ներկայացնելով ասում է Արտակը:

Ինքնատիպ ձեռագիր ունեցող JEVO ապրանքանիշի հեղինակներ, եղբայրներ Մամիկոն և Աշոտ Միքայելյանները համավարակը համեմատում են արևի խավարման հետ։

«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

«Ինչպես գիտենք, յուրաքանչյուր խավարումից հետո արևի լույսն ավելի պայծառ է լինում, մնում է միայն համբերություն ունենալ»,-նշում են արվեստագետ եղբայրները՝ ցույց տալով արույրից ու օնիքսից պատրաստած կախազարդը:

Մամիկոնի կինը՝ Անին, որը նույնպես հետաքրքիր ու տարբերվող զարդեր է պատրաստում «Մնա տանը» կարգախոսով կախազարդ է ստեղծել։ Ի տարբերություն տղաների՝ Անին կախազարդը մեկ օրում է պատրաստել։ Ասում է՝ այն ընտանեկան ջերմության խորհրդանիշ է և ընտանիքն ու ընտանեկան ջերմությունը կարևորող կոչ:

«Կորոնան»՝ արվեստի լեզվով, կամ համավարակի գույները

Շիրակցի արվեստագետների աշխատանքները, ինչ խոսք, տարբերվող են և անպայման կգտնեն իրենց տերերին, բայց ունեն մեկ՝ վատի մեջ լավը, բացասականի մեջ դրականը փնտրելու ընդհանրություն, չէ որ միշտ էլ խավարին հաջորդում է լույսը: