ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Տավուշի մարզում լարված իրավիճակ է։ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Խաշթառակ և Լուսաձորի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, պահանջում են հանդիպում մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Բողոքի ակցիան Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի դեմ է։ Գյուղացիները պահանջում են վերջ դնել Աղստև գետի աղտոտմանը։
«Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է թե` մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել` լավ ես արել, բայց ինչո՞ւ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները»,–կայքի հետ զրույցում ասել են բողոքի ակցիայի մասնակիցները։
Ներկաների խոսքով՝ ճանապարհին խցանում է առաջացել, որն արդեն մի քանի կիլոմետր է ձգվում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Լուսաձոր գյուղի ղեկավար Վարդան Սարդարյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ իրենց գյուղից բողոքի ակցիայի մասնակիցներ չկան։
«Հնարավոր չէ` մեր գյուղից ճանապարհ փակած մարդ լինի։ Ես տեղյակ եմ, որ ՀԷԿ են կառուցում, որը խանգարում է ռեստորանի տիրոջը։ Բայց մեր գյուղը կապ չունի։ Խաշթառակցիներին էլ, կարող է, հենց էդ տերն է փողոց հանել»,- մեզ հետ զրույցում նշեց գյուղապետը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ու Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանի հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվել։
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ մարզային ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպումից ու բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել են բացել ճանապարհը։ Բնակիչներին խոստացել են, որ խնդիրը կուսումնասիրվի։ Հակառակ դեպքում նրանք պատրաստ են կրկին փակել ճանապարհն ու նույնիսկ գիշերել տեղում։
Նախկին վարչապետի տան` 3-4 հարկանի շենքի բարձրությամբ պատնեշը բողոքի ալիք է բարձրացրել