Կորոնավիրուսի գրոհը Գեղարքունիքի վրա շարունակվում է. մարզպետը նոր տվյալներ է հաղորդել

Մարզում կորոնավիրուսից մահանալու ևս 1 դեպք է գրանցվել։ 61–ամյա կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք։ Այսպիսով` մարզում հիվանդների ընդհանուր թիվը 181 է։ Մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում ներկայացրել է թարմ տվյալներ մարզում նոր կորոնավիրուսի համավարակի տարածվածության և հիվանդների մասին։ Մարզպետի տեղեկություններով՝ Գեղարքունիքում կորոնավիրուսից ապաքինվել է 26 քաղաքացի, որոնցից 7-ը՝ վերջին օրերին։

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում»,- գրել է մարզպետ Սանոսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մարզում բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների՝ շարունակվում է նաև քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը։

Հայաստանում կորոնավիրուսից կին է մահացել

Ցավոք, մարզում նաև կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք է գրանցվել։ Մահացած կինը 61 տարեկան է եղել և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այսպիսով` մինչ այժմ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 138-ով և դարձել 3313։ Մեկ մարդ մահացել է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 մարդ, կատարվել է 31 590 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1325–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 45 դեպք և մահվան 15 անուղղակի դեպք:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 138–ով և դարձել 3313