ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամփոփելով կորոնավիրուսային հիվանդության տարածման վերջին օրերի միտումները Facebook–ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ մենք այս պահին գտնվում ենք դեպքերի 15 օրյա կրկնապատկման փուլում: «Դա նշանակում է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մենք մայիսի 24-ին կունենանք մոտ 6.350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք»,–գրել է նա:
Նախարարն ընդգծել է, որ կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և, դժբախտաբար, նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):
«Այս ամենը շեշտում եմ, որպեսզի վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը: Նոր վարքագիծ որդեգրելու այլընտրանքը վերոշարադրյալ կամ ավելի վատ սցենարն է: Մենք ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները»,–գրել է Թորոսյանը:
Նա խոստացել է վաղը մի քանի ժամով անձամբ լինել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներից մեկում և ուղիղ եթերով ներկայացնել վերակենդանացման բաժանմունքում բուժվող պացիենտների հիվանդությունների պատմությունները:
Նշենք, որ մայիսի 9–ի ժամը 11–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3175 է։ Մեկ օրում գրանցվել էր վարակի հաստատման 146 դեպք։ Մահվան ելքով դեպքերը 44–ն են։