Սերգեյ Կոպիրկինը հաղթանակի 75–ամյակի առթիվ շնորհավորել է հայ և ռուս ժողովուրդներին

Դեսպանը նշել է, որ 2 երկրներում էլ խնամքով են վերաբերվում պատերազմի մասին հիշողությանը, մեծ նշանակություն են տալիս պատմական ճշմարտության պահպանմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մայիսի 9-ը պարզապես պատմական ամսաթիվ չէ, այն, ամենից առաջ, հիշեցում է խաղաղության դիմաց վճարված անչափ բարձր գնի մասին:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի  75-րդ տարեդարձը` այսպես սկսելով իր ուղերձը:

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

«Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև իրենց վրա սարսափելի պատերազմի ծանրությունը կրած նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Հաղթանակի օրը առանձնահատուկ տոն է: Մեծամասամբ՝ խոր անձնական, չէ որ մեր երկրներում, գրեթե չկան ընտանիքներ, որոնց չի անդրադարձել պատերազմը։ Մենք ոչ միայն սգում ենք, այլև հպարտանում ենք նրանցով, ովքեր գլուխ չեն խոնարհել չարիքի առջև և նվաճել են, ոչ միայն իրենց համար, կյանքի և արժանապատվության իրավունքը»,–ասել է Կոպիրկինը:

Դեսպանն ընդգծել է, որ դժվար է գերագնահատել հայ ժողովրդի ավանդը հաղթանակի գործում: Նա հիշել է, որ ռազմաճակատում մարտնչող 600 հազար հայորդիներից 300 հազարը տուն չեն վերադարձել: 

«Հաղթանակը մեր ընդհանուր պատմության, ընդհանուր ժառանգության փառավոր էջն է, որի կարևորագույն տարրերից են՝ ռուս և հայ ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները, մեր մշակույթների փոխկապակցվածությունը, հոգևոր ընդհանրությունը, հարատև արժեքներին նվիրվածությունը:

Մեր երկրներում խնամքով են վերաբերվում պատերազմի մասին հիշողությանը, մեծ նշանակություն են տալիս պատմական ճշմարտության պահպանմանը։ Ցավոք, հանուն դրա, հիմա ստիպված ենք լինում պայքարել: Ավելի կարևոր է դա անել միասին»,–նշել է նա:

Կոպիրկինն առաջին հերթին սրտանց շնորհավորել է  վետերաններին և առողջություն մաղթել նրանց:

Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

«Եվ չնայած այսօր,  հաշվի առնելով առկա սահմանափակումները, մենք չենք կարող սեղմել ձեր ձեռքը և գրկել ձեզ, կգա ժամանակ, երբ մենք կկարողանանք միասին բաժակ բարձրացնել Հաղթանակի համար»,–ասել է դեսպանը։

Կոպիրկինը նշել է, որ այսօր մենք հարգանքի տուրք և երախտագիտություն ենք հայտնում իրական հերոսներին, ովքեր միշտ կլինեն մեզ համար քաջության, խիզախության, առաքելությանը հավատարիմ մնալու և եղբայրության օրինակ: Նա մաղթել է արժանի լինել նրանց սխրանքներին և ունենալ խաղաղ երկինք: