Ապացուցեցինք աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը. Արցախի նախագահների ուղերձը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձներ են հղել եռատոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Մենք` հայերս, ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը ու պաշտպանել հող հայրենին, կարող ենք հառնել փլատակներից և կերտել պետություն` միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: Իր ուղերձում ասում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը` շնորհավորելով  Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:

Ապացուցեցինք աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը. Արցախի նախագահների ուղերձը

«Այսօր տոն է յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր ամենանվիրական տոներից մեկը, որը սրբագործվել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախությամբ ու անձնազոհությամբ:

Տասնամյակներ շարունակ մենք մեծագույն խանդավառությամբ ու ցնծությամբ տոգորված տոնում էինք Մայիսի 9-ը, տոնում և խորին հպարտությամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կերտեցին Մեծ հաղթանակը»,–իր ուղերձում ասել է Բակո Սահակյանը։

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

Նրա խոսքով` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը և Շուշիի ազատագրումը եռապատկեցին այդ տոնի բերկրանքը՝ դառնալով համայն հայության մեծագույն հաղթանակը, բազմահազար քաջ հայորդիների ոգու, մտքի ու բազկի հաղթանակը:

Սահակյանը նշել է, որ մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է՝ հայրենասեր, կիրթ, խիզախ ու պատվախնդիր: Նրանք լավ գիտեն իրենց հայրերի ու պապերի արյամբ ձեռք բերված հաղթանակի գինը և այն պահում են աչքի լույսի պես:

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել` ասելով, որ Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր:

Ցավոք` ձեռագրերն այրվում են, կամ ինչի մասին է զղջում մարշալ Բաբաջանյանի դուստրը

«Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին»,–իր ուղերձում ասել է Հարությունյանը։

Նա շնորհավորել է հայրենիքի սահմաններն անառիկ պահողին ու տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ապացուցեցինք աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը. Արցախի նախագահների ուղերձը

Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը ժողովրդիս կհղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ: