«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր խափանման միջոց կալանքի փոփոխության հարցին և ելույթ ունեցավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպասում էր, որ դատական նիստի ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանն իրեն մեկ հարց կուղղեր։ Քոչարյանը նման հայտարարություն արեց այսօր իր և մյուսների գործով ընթացող դատական նիստի ժամանակ։

Նշենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես եկան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով։

«Ես սպասում էի, որ դուք ինձ պետք է հարցնեք` դուք խոսք տալի՞ս եք, որ ձեր խափանման միջոցը փոխելուց հետո դուք ճնշում չեք գործադրի վկաների վրա, չեք խուսափի նախաքննական մարմին ներկայանալ։ Ու եթե ես ասեի` այո, խոսք եմ տալիս, դուք պետք է որոշում կայացնեիք` անգամ առանց երաշխավորագրի, քանի որ ես իմ տված խոսքը երբեք չեմ դրժի»,–ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ Արցախի ու Հայաստանի նախագահն է եղել, և խափանման միջոցը փոխելուց հետո իրեն ամենից մեծ զսպող հանգամանքը հենց այդ փաստերը պետք է լինեն։ Քոչարյանը նշեց` եթե ազատության մեջ ինչ–որ այլ քայլեր անի, իր հեղինակությունը զրոյի կհավասարվի։ Այսինքն` որպես զսպող հանգամանք հենց սա պետք է դատարանը համարի, որ եթե որևէ մեկը երաշխավորություն է ներկայացնում, իսկ դու ինչ–որ այլ քայլեր ես անում, ուրեմն խաչ ես քաշում քո անցած ճանապարհի վրա ու ոչ մեկի երեսին չես կարող նայել դրանից հետո։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի խափանման միջոցը որոշելու

ՀՀ երկրորդ նախագահը պատմեց նաև, որ վերջերս, երբ Իզմիրլյան ԲԿ–ում է եղել ու բժիշկների հետ քննարկել են իր վիրահատության հարցը, ՔԿՀ վարչությունից մի սպա է ներկա եղել խոսակցությանը ու պնդել, որ ինքն էլ պետք է մասնակցի այդ քննարկմանը։ Սակայն Քոչարյանն ահազանգել է ՄԻՊ–ին ու հրաժարվել նման պայմաններում վիրահատվել։

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ապրիլի 28-ին հայտնել էինք, որ Քոչարյանը քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին