Երկու պատերազմի միջով անցած ընտանիքը. ինչի մասին և ինչու են լռում հայր և որդի Ադամյանները

Հայր և որդի Ադամյանները խաղաղության գինը լավ գիտեն, քանի որ տեսել են կրակոցների հետևանքները։ Sputnik Արմենիան զրուցել է նույն հողի վրա երկու տարբեր պատերազմների միջով անցած Ազատ և Գրիգորի Ադամյանների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախում ապրող Ադամյանների ընտանիքում պատերազմի մասին երբեք չեն խոսում։ Հայր ու որդի լավ են հասկանում միմյանց լռության պատճառը. երկուսն էլ պատերազմի միջով են անցել։ Գրիգորի Ադամյանը մասնակցել է 1992-ի Շուշիի ազատագրմանը, իսկ որդին` Ազատ Ադամյանը, 2016-ի Ապրիլյան քառօրյային։

Երկու պատերազմի միջով անցած ընտանիքը. ինչի մասին և ինչու են լռում հայր և որդի Ադամյանները

Ազատ Ադամյանն ասում է` հայրը պատերազմի մասին չէր խոսում, դրա համար էլ այդ տարիներից իր մոտ շատ բան չի տպավորվել. հիշում է միայն հոր` «Եղվարդի կոշիկները» և երկար-երկար մորուքը։

«Երբ Ապրիլյան պատերազմից տուն վերադարձա և ինձ հարցեր էին տալիս, հասկացա, թե հայրս ինչու երբեք չէր խոսում պատերազմի մասին։ Պատերազմի մասին չես ուզում պատմել, որ մյուսներն էլ չանցնեն այն ամենի միջով, ինչ ինքդ ես տեսել»,–ասում է Ազատը։

Նա, ի դեպ, Ապրիլյան պատերազմին որպես կամավոր է մեկնել` ծնողներին չասելով, որ մեկնում է առաջնագիծ։ Ազատը մորն ասել է, որ գնում է անտառ` քեմփինգի, սակայն երբ հայրը զանգել է, նրան ճշմարտությունն է ասել։

Օրեր անց, արդեն, չի կարողացել իրականությունը թաքցնել նաև մորից և նրան էլ է հայտնել, որ ռազմաճակատ է գնացել։ Բայց էլի մի փոքր ստել է` այս անգամ էլ ասելով, որ ճաշարանում է միայն լինում։

Երեխա ունենալը սրտի սփոփանք էր. Ապրիլյանում զոհված հետախույզի եղբայրը կկրի նրա անունը

Ապրիլյանի օրերին Ազատն ամենաթեժ կետերից մեկում` Թալիշում է եղել և հերթական մարտական գործողության ժամանակ, երբ կրակահերթ է սկսվել, մորից զանգ է եկել։ Ազատն այդ պահին երկմտել է` պատասխանե՞լ մոր զանգին, թե ոչ։

Բայց հանկարծ մտքով անցել է, որ գուցե վերջին անգամ է լսելու մոր ձայնն ու անմիջապես պատասխանել է զանգին։

«Կրակոցների ձայնը լսելով` մայրս շփոթվեց, թե` այս ի՞նչ ձայներ են, ասում էիր` ճաշարանում ես։ Մորս հանգստացրի` ասելով, որ տղաներից մեկը պատահաբար կարտոֆիլի պարկը շրջեց ու ձայնը դրա հետևանքն է։ Կրակահերթը շարունակվում էր, իսկ մայրս երկար բացատրում էր, թե ինչպես պատրաստեմ կարտոֆիլը, որ համեղ լինի»,–ծիծաղելով հիշեց Ազատը։

Ի դեպ, պատերազմից վերադառնալուց հետո մայրն ասել է տղային, որ հոգու խորքում համոզված է եղել, որ Ազատն առաջնագծում է։

Քառօրյայից հետո Ազատի կյանքում շատ բան է փոխվել, և առաջին հերթին`կյանքի հանդեպ վերաբերմունքը։ Նա սկսել է բիզնեսով զբաղվել։ Արցախում առաջին փաբն է բացել։ Ասում է` որոշեց փոխել կյանքը, քանի որ ուզում էր ամեն ինչ մնա իր տեղում` սահմանին տեղի ունեցածը մնա սահմանին։

Ազատի հայրը` Գրիգորի Ադամյանը, նշում է, որ տղայի` պատերազմն իր և որդու հարաբերություններում շատ բան է փոխել. նրա հետ սկսել է շփվել հավասարը հավասարի պես։

Գրիգորին պատմեց, որ 2016–ի ապրիլի սկզբին աշխատավայրում է եղել` հիվանդանոցում, երբ իմացել է պատերազմի լուրը։ 

«Երբ կինս ասաց, որ Ազատն անտառ է գնացել, միանգամից գլխի ընկա, որ առաջնագիծ է մեկնել։ Ես նրան այնպես եմ դաստիարակել, որ նա չէր կարող չմեկնել։ Ապրիլյանի ժամանակ մեր տղաները մեզնից ավելին են արել։ Ապրիլյան պատերազմը մենք հաղթեցինք մեր տղաների շնորհիվ, նրանց ինքնակազմակերպման շնորհիվ»,–ասաց Գրիգորի Ադամյանն ու հավելեց` նույնը չի կարող ասել Շուշիի մասին։

Անդրադառնալով Արցախյան ազատամարտին` Ադամյանը պատմեց, որ այն ժամանակ սպասում էին, որ Շուշին ազատագրելուց հետո բոլոր հարցերը կլուծվեն, քանի որ Ստեփանակերտը շրջափակման մեջ էր։ Այդպես էլ եղավ։ Շուշին դարձավ հաղթանակների հաղթանակը, միայն թե այն թանկ նստեց շատերի վրա` Ադամյանն իր բոլոր ընկերներին, որոնց հետ մտերիմ էր, կորցրեց Շուշիի ազատագրման ժամանակ։

«Դուք Շուշիի ազատագրման խորհրդանիշն եք ». նախագահն ընդունել և շնորհավորել է Կոմանդոսին

Ասում է` ընկերների կորստից հետո ինքն ավելի պատասխանատու դարձավ կյանքի և ընդհանրապես ունեցածի հանդեպ։  Ուզում է, որ մենք` հայերս, բռունցք դառնանք ոչ միայն պատերազմների ժամանակ, այլ միասնական լինենք միշտ, որպեսզի միշտ հաղթող լինենք։

Մեկ տան մեջ հաշտ ու համերաշխ ապրող երկու սերունդ` հայրն ու որդին, խաղաղության արժեքը լավ գիտեն, քանի որ տեսել են կրակոցների հետևանքները։

Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը

Խաղաղությունը Գրիգորի Ադամյանի համար վաղվա օրվա հանդեպ վստահությունն է։ Ասում է` յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, իր երազանքները, սակայն երբ զենքերն են գործի դրվում, ամեն ինչ անիմաստ է դառնում։

Որդին` Ազատը, ուզում է, որ միտքն ազատ լինի, չմտածի, որ վաղը, մյուս օրը կարող են թիկունքից հարվածել։ Սա էլ նրա ուզած խաղաղությունն է։

Երկու տարբեր պատերազմների միջով անցած հոր և որդու ցանկությունը, սակայն, մեկն է` տան ապագա` երրորդ սերունդը երբեք չիմանա, թե պատերազմն ինչ է։

«Ես Սաշին խոսք եմ տալիս...». Մեծամորում Ապրիլյանի զոհերին նվիրված հուշարձան բացվեց