«Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել․ ԱԺ փոխխոսնակ

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ իր կուսակից պատգամավորները Մարուքյանին չեն հարվածել ու նույնիսկ բռնության են ենթարկվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մայիսի 8 - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Մարուքյանին հետևից չի հարվածել, Վահե Ղալումյանի նկատմամբ էլ բռնություն է կիրառվել: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իր կուսակիցների պահվածքը:

ԱԺ-ում քննարկում են միջադեպը. Նիկոլ Փաշինյանը նիստի է հրավիրել «Լուսավոր Հայաստանին»

«Ես կադրերի մեջ տեսել եմ, որ երբ որ նա ընկել է, ոտքերով իրեն հարվածել են»,- ասաց Սիմոնյանը՝ լրագրողներին կոչ անելով քննիչի դեր չստանձնել ու հապշտապ եզրակացություններ չանել:

Հարցին, թե խմբակցության դռնփակ նիստում միջադեպի մասնակիցների պահվածքին գնահատական տրվե՞լ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անընդունելի է»:

Մանդատը վայր դնելու հարց, նրա խոսքով, ևս չի քննարկվել:

«Ես դեմ եմ, որ նման հարց ընդհանրապես քննարկվի»,- լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպի քաղաքական գնահատականին, ԱԺ փոխխոսնակը հայտնեց, որ այն խորհրդարանի ամբիոնից կհնչեցնի խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Վիզդ կկտրեմ». Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը ԱԺ-ում ծեծեցին իրար. տեսանյութ

Նշենք, որ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ բոլոր խմբակցությունները դռնփակ նիստեր են անցկացրել:

«Իմ քայլը» խմբակցությունը նիստը գումարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակում: Նիստին մասնակցել են նաև միջադեպի պահին դահլիճում գտնվող ՀՀ կառավարության անդամները:

Մինչ այդ կառավարության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ներկա էր դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ծածկռտուքին, նիստ է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ:

Նշենք, որ տեսանյութերում երևում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետևից մոտենում ու հարվածում է Էդմոն Մարուքյանի մեջքին, իսկ Վահե Ղալումյանը՝ գլխին:

ԱԺ-ում հնչող խոսքն ու պահվածքը օրինակ են դառնում նաև հասարակության համար. ՄԻՊ

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստում միջադեպ է տեղի ունեցել, որը սկսվեց, երբ «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում:
«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:

Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։
ԱԺ նախագահն ստիպված եղավ կես ժամ ընդմիջում հայտարարել: Իսկ հետո ընդմիջումը երկարացվեց մինչև 14:30: