ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո բոլոր խմբակցությունները դռնփակ նիստեր են անցկացրել: «Իմ քայլը» խմբակցությունը նիստը գումար է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակում: Նիստին մասնակցել են նաև միջադեպի պահին դահլիճում գտնվող կառավարության անդամները:
Մինչ այդ կառավարության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ներկա էր դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, նիստ է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Այս պահին վարչապետը մասնակցում է «Իմ քայլը» խմբակցության նիստին:
ԱԺ պատգամավորները խորհրդարանում աշխատող լրագրողների հարցերին հիմնականում հրաժարվում են պատասխանել:
Լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, որի ելույթում հնչած որոշ արտահայտություններից էլ սկսվել էր իրարանցումը:
Թունյանը խորհուրդ տվեց ևս մեկ անգամ դիտել նիստի տեսագրությունը և համոզվել՝ ինչպես սկսվեց ամեն բան ու ով սադրեց անցանկալի միջադեպը:
«Ամեն դեպքում ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում»,- նշեց նա՝ հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ լրագրողներին հորդորեց սպասել խմբակցության ղեկավարի պաշտոնական հայտարարությանը, որը կհնչի կա՛մ նիստի ընթացքում, կա՛մ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այն կներկայացնի լրագրողներին:
«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել
Հիշեցնենք, որ ԱԺ-ի այսօրվա նիստում կառավարության 2019թ-ի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը քաշքշեցին, խփեցին իրար:
Ամեն ինչ սկսվեց, երբ «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են իրավիճակը։
«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:
Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու մոտեցավ ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքշել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:
ԱԺ նախագահն ստիպված եղավ կես ժամ ընդմիջում հայտարարել: Իսկ հետո ընդմիջումը երկարացվեց մինչև 14:30:
Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։