ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի –Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ սրճարան այցելությունը խիստ քննադատության է ենթարկվել Facebook-ի օգտատերերի կողմից:
Նախարարի լուսանկարները հրապարակած քաղաքացիները Թորոսյանին մեղադրել են այն բանի համար, որ նա լուծումներ գտնելու փոխարեն «կաֆեներում ֆռֆռում է», ինչպես նաև այն բանի համար, որ բոլորին տանը մնալու կոչեր է անում, իսկ ինքը սրճարան է գնում:
Սոցիալական կայքերում տարածված մեղադրանքներին Facebook-ի իր էջում պատասխանել է նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հիշեցնելով, որ մայիսի 4-ից սրճարանների բացօթյա գործունեությունը թույլատրված է և հասանելի է բոլորին։
«Ինչպես երևում է նկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և իր տեղակալները բացօթյա սրճարանում քննարկում են անցկացնում: Ուրախ եմ, որ հետևում եք նախարարի բոլոր քայլերին, լավ կլիներ` նույն ոգեշնչմամբ հետևեիք նաև 3 ամիս շարունակ՝ 24/7 ռեժիմով կատարված աշխատանքներին»,- գրել է Նիկողոսյանը:
Նախարարի խոսնակը նաև նշել է, որ սրճարանը, որտեղ լուսանկարել են Արսեն Թորոսյանին, նախարարությունից մի քանի մետր հեռավորության վրա է:
Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ` մայիսի 4-ից մեղմացվել են արտակարգ ռեժիմի որոշ սահմանափակումներ, որոց թվում է նաև սրճարանների բացօթյա տարածքներում աշխատանքի թույլտությունը:
Պարետատունը հատուկ ցուցումներ է հրապարակել սրճարանների աշխատանքի վերաբերյալ, որոնց հետևելը պարտադիր պայման է։ Բոլոր սրճարաններում պետք է հատուկ տեղեր լինեն ախտահանիչ միջոցների համար, բոլոր հաճախորդները մուտքի մոտ պետք է ջերմաչափվեն։
Շտապօգնության աշխատակիցներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով. նրանք մեկուսացված են
Սրճարաններից մի քանիսն իրենց կանոններն են սահմանել, օրինակ` հրաժարվել են կերամիկական սպասքից, կամ որոշել են ոչ միայն սրճարանի կահույքն ախտահանել, այլ նաև աղի ու պղպեղի ամանները։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 102–ով և հասել 2884-ի