ԱԱԾ տնօրենն ազատվե՞լ է աշխատանքից. ԱԱԾ մեկնաբանությունը

ԱԱԾ լրատվական ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել են տարածված լուրերը, թե Էդուարդ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի Sputnik. Մամուլում տարածված լուրերը, թե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և նրա տեղակալներն աշխատանքից ազատման դիմում են գրել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ–ի լրատվական ծառայությունից։

ԱԱԾ տնօրենի նոր տեղակալը, Լենինը, Ստալինն ու Ախմատովան. Փաշինյանը մեկնաբանեց իր նշանակումը

«ԱԱԾ–ն շարունակում է իր բնականոն գործունեությունը»,–ասացին լրատվականից։

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե ԱԱԾ–ում բունտ է հասունացել Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելուց հետո, և շատերն ազատման դիմում են գրել։

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, մայիսի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ էր նշանակել Արգիշտի Քյարամյանին։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Քյարամյանը մեկ օրում երկրորդ անգամ էր պաշտոն ստացել և ազատվել. մայիսի 4-ին, Փաշինյանի որոշմամբ, Քյարամյանը նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն մեկ օր պաշտոնավարելուց հետո ազատվել էր ու նշանակվել ԱԱԾ-ի տնօրենի տեղակալ։

Փաշինյանն ու Ավինյանը տարաձայնություննե՞ր ունեն, կամ ովքե՞ր են փորձում նրանց «գժտեցնել»

2019 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020-ի մայիսի 4-ը Քյարամյանը զբաղեցնում էր ՊՎԾ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը։