Շուկայում ՀԴՄ սարքերի խնդիր չկա. քանի՞ ընկերություն է ներմուծելու թույլտվություն ստացել

ՀԴՄ սարքերի ներմուծման թույլտվություն ստացած կազմակերպություններից մեկն արդեն իսկ 529, իսկ մյուսը` 83 ՀԴՄ–ի սարք է վաճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Շուկայում հսկիչ դրամարկղային մեքենաների հետ կապված խնդիրներ այս պահին չկան։ Փետրվարին 3 կազմակերպություն սկսել է ՀԴՄ սարքերի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվել։ Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը լրագրողներին փոխանցեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

«Փետրվարի 21-ին «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ–ը երեք կազմակերպության տվել է համապատասխան եզրակացություն, որ իրենց ՀԴՄ մոդելներով կարող են մտնել մեր շուկա։ Այդ կազմակերպություններից մեկն արդեն իսկ 529, իսկ մյուսը` 83 ՀԴՄ սարք է վաճառել»,–ասաց Փաշայանը։

Ինչ վերաբերում է երրորդ ընկերությանը, ապա դրա հետ կապված` դեռ տեղեկություն չկա։ Հավանաբար ՀԴՄ սարքերի ներմուծման հետ կապված խնդիրներ են առաջացել։

ՀԴՄ–ներն էլ կդառնան էլեկտրոնային. ՊԵԿ–ը Կենտրոնական բանկի հետ քննարկել է այս հարցը

Փաշայանը վստահեցրեց` հիմա ահազանգ չունեն, որ շուկայում ՀԴՄ սարքեր չկան։ Նա հիշեցրեց, որ շուկան ազատականացված է, և բոլոր նրանք, ովքեր ՊՈԱԿ–ի կողմից դրական եզրակացություն են ստացել, կարող են զբաղվել դրանց ներմուծմամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:

Ձեռ են առել ՀԴՄ կտրոն ուզելու համար. ինչո՞ւ են դատի տվել հեռուստալրագրող Արուս Տիգրանյանին

ՀՀ կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող պահանջներին և դրանց ծրագրային ապահովմանը համապատասխանության եզրակացությունը տրամադրում է ՀԴՄ ներդրման գրասենյակը։ ՀԴՄ-ների ներդրման գործընթացով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն իրավունք ունեն վաճառելու միայն համապատասխանության եզրակացություն ստացած մոդելի սարքեր:

Նախորդ տարի մի շարք տնտեսվարողներ ահազանգում էին, որ ուզում են ՀԴՄ սարք գնել, սակայն շուկայում չկան այդ սարքերը։ Կառավարությունում բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվել է` նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գինը սահմանել 60 000 դրամ` նախկին 160 հազարի փոխարեն:

ՀԴՄ–ներին առնչվող նոր պահանջը բարդացրել է բիզնեսի գործը, բայց չի նպաստել ստվերի կրճատմանը