«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում անդրադարձել է ՀՀ-ՌԴ հարաբերություններին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան բանակցությունների մասին հայտարարությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններն ունեն հագեցած օրակարգ, պատմություն ու հիմնված են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր  Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների ու դրանց համատեքստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության մասին հարցին:

Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը

«Բնականաբար, մենք ունենք տարբեր հարցեր՝ ՀՀ-ի կողմից, ՌԴ-ի կողմից, այնպես ինչպես մենք ունենք հարցեր մնացած բոլոր գործընկերների հետ: Բայց դրանից ամեն անգամ դարձնել դրամա, ճիշտ չէ: Մենք համագործակցության տարբեր հարթակներ ունենք՝ սկսած աշխատանքայինից մինչև բարձրագույն մակարդակներ, ու այդ բոլոր հարթակներում մենք աշխատում ենք օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Դրանք հարաբերություններ են, որ պարտադիր չէ, որ սկսվեն ու ավարտվեն կենացներով»,- ասաց Մնացականյանը:

Եվ, այդուհանդերձ, հայ-ռուսական հարաբերությունները, ԱԳ նախարարի դիտարկմամբ, եղել և մնում են հավասարազոր երկու դաշնակիցների ու երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններ:

Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարությանն ու պատգամավորի հարցապնդմանը, թե ում էր այն իրականում ուղղված, ԱԳ նախարարը պատասխանեց. «Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և ուղղված էր բնականաբար ադրբեջանական աղբյուրին»:

Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։