Դդմաշենում կորոնավիրուսի նոր օջախ է գրանցվել. ելումուտի հատուկ ռեժիմ է սահմանվել

Համայնքի վարչական սահման մուտքն ու ելքը հնարավոր է միայն անհրաժեշտության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։

«Հաշվի առնելով Դդմաշենում կորոնավիրուսի բռնկման նոր օջախի առկայությունը` ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ»,–Facebook–ի իր էջում գրել է մարզպետը։

Նրա խոսքով` համայնքի վարչական սահման մուտքն ու ելքը հնարավոր է միայն անհրաժեշտության դեպքում։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020–ի մայիսի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև 2020–ի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

Այլևս «պարծենալու» տեղ չունեն. կորոնավիրուսը հասավ նաև Գեղարքունիք

Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք։ Գեղարքունիքում ընդհանուր կա կորոնավիրուսով վարակվածության 149 դեպք, որից 39–ը` Դդմաշեն համայնքում։ Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների հետ շփման արդյունքում։

Հաստատված դեպքեր կան նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։

Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացած է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Պարետի որոշման մեջ նշված է, որ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Դդմաշեն համայնքի վարչական տարածք մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2782–ի է հասել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 163–ով և դարձել 2782