Մեծ հայրենականի բոլոր մասնակիցները Հայաստանում հոբելյանական մեդալներ կստանան․ դեսպանատուն

Բոլոր մեդալները ձուլվել են Ռուսաստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ու տարեսկզբին փոխանցվել են հայկական կողմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Մեծ հայրենականի վետերանները, որոնք բնակվում են Հայաստանում, հոբելյանական («1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմի Հաղթանակի 75-ամյակ») մեդալներ կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել

Ավելի վաղ մեդալներ են ստացել Հայրենական մեծ պատերազմի ութ վետերաններ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են։ Հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 4-ին։ Բոլոր մեդալները ձուլվել են Ռուսաստանում, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ու տարեսկզբին փոխանցվել են հայկական կողմին։  

«Գլխավոր հյուպատոսությունն ու դեսպանատունն արդեն հանձնել են մեդալները Ռուսաստանի քաղաքացի վետերաններին»,-ասացին դեսպանատնից։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ մեդալները կփոխանցի Մեծ հայրենականի՝ ազգությամբ հայ մասնակիցներին։ Գերատեսչությունը համապատասխան մեդալներն արդեն ստացել է և պատրաստվում է վետերանների պարգևատրմանը։

Դեսպանատունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ քննարկել է Հաղթանակի տոնի կապակցությամբ վետերաններին լրացուցիչ պարգևատրելու հարցը։ Որոշել են այդ նպատակով Հայաստանում բնակվող Մեծ հայրենականի վետերաններին 8 միլիոն դրամ հատկացնել։ Գումարը փոխանցվել է Վետերանների միությանը, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության ռեժիմի ավարտից՝ մայիսի 14-ից հետո գումարը կփոխանցեն հասցեատերերին։

Սովետա-իրանական ճակատ. քչերը գիտեն, որ նրանք զոհվեցին Հայաստանում. տեսանյութ

Մայիսի 9-ին պաշտոնյաները նեղ շրջանակով ծաղիկներ կխոնարհեն Հաղթանակի այգու անմար կրակի մոտ։

Նշենք՝ երկրորդ աշխարհամարտի մասնակիցներից Հայաստանում ողջ են մնացել 276-ը։ Հայաստանից 600 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ, նրանցից 300 հազարը մահացել են։

Հայաստանը ԽՍՀՄ 150 հերոս է տվել, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Ընդհանուր առմամբ, պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ-ի բնակչության 20%-ը։ Այդ ցուցանիշն ամենաբարձրերից է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև՝ երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից երկրների շարքում։