ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է վերջին օրերին մի քանի լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ։
«Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր»,- ասված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանրապետության նախագահը բազմիցս, այդ թվում միջազգային հեղինակավոր հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանը։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում:
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Հիշեցնենք, որ խորհրդարանն ապրիլի 16–ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ենթադրում է, որ ՀՀ ներկա ու նախկին (1990թ-ից սկսած) պաշտոնյաների` 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։
Ուստի պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։
Օրենքը ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառելի չէ, դրա շահառուները լինելու են բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաները։