Սիրիայի ժողովուրդը գնահատում է հայերի աշխատանքը. ի՞նչ է արել մեր առաքելությունը ապրիլին

ՀՀ մարդասիրական խումբը 2019–ի փետրվարից ի վեր արդեն 12 035 հիվանդի է օգնել։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետը բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քմ ականապատ տարածք և հայտնաբերել 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ:

«Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 152 738 քմ տարածք: 4-րդ խմբի բժիշկները, ապրիլին կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված, բուժօգնություն են ցուցաբերել թվով 144 տեղաբնակների: Այսպիսով, ՀՀ մարդասիրական խումբը 2019–ի փետրվարից մինչև այսօր ընդհանուր 12 035 հիվանդի է օգնել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այս ժամանակահատվածում Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել են բժշկական պարագաներ և մեծ քանակությամբ դեղորայք: ՊՈԱԿ փորձագիտական կենտրոնի ուղարկած մարդասիրական օգնության մի մասը տրվել է Հայ համայնքին պատկանող մանկատանը:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ապրիլի 12-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատություններին փոխանցել է բժշկական պարագաներ։

Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը։ Գեներալը նշել է, որ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում իրենց կողքին են։

«Հայերն այս դժվար պահին մեր կողքին են». ՀՀ հումանիտար խումբը օգնել է Հալեպի հոսպիտալին

Միևնույն ժամանակ, ապրիլի 19-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ծերանոցին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները:

Հալեպում միայն մարտ ամսին հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել  1169 տեղաբնակի

Հիշեցնենք, որ միայն 2020-ի մարտ ամսվա ընթացքում հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19 697 քմ ականապատ տարածք: Սիրիայում գտնվող մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների։ 

Ի՞նչ են հայերը մեկ տարում արել Սիրիայում