ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է կրկնակի իջեցնել Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայում» վարձավճարով խաղացող Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գինը: Տեղեկությունը հաղորդում է բրիտանական Daily Mirror թերթը։
Մխիթարյանն «Արսենալից » «Ռոմա» է տեղափոխվել 2019-ի աշնանը ՝ մեկ մրցաշրջանի վարձավճարով ։ Բայց հռոմեացիների մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտարարել է, որ կցանկանար հայ ֆուտբոլիստին պահել իր թիմում։
Ավելի վաղ «Արսենալը» Մխիթարյանի համար 20 միլիոն ֆունտ էր պահանջում , ինչը «Ռոմայի» համար չափազանց բարձր գին է: Բայց հիմա, երբ ֆուտբոլային մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով կանգ են առել երկու ամսով, թիմերը ստիպված են խնայել իրենց միջոցները։
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները, օրինակ, համաձայնել են, որ իրենց աշխատավարձը նվազի 1/8-ով, իսկ Մխիթարյանի գինը կրկնակի իջեցրել են՝ հասցնելով 10 միլիոնի։ Սակայն Mirror-ը գրում է, որ իտալացիները, կարծես թե, չեն կարողանում անգամ այդքան վճարել:
Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները
Մինչև «Արսենալի» հետ պայմանագրի ավարտը Մխիթարյանն ունի ևս մեկ տարի, որից հետո ֆուտբոլիստը կարող է հանգիստ հեռանալ թիմից, սակայն «Արսենալը» ցանկանում է Մխիթարյանին վաճառել և գումար վաստակել:
Հենրիխ Մխիթարյանն առայժմ կմնա «Ռոմայում»
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» լավ է զգում իրեն, նա դարձել էր թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Չնայած վնասվածքների պատճառով նա ոչ բոլոր խաղերին է մասնակցել, բայց 17 խաղում խփել է վեց գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում: