Տեղաշարժի թերթիկներն այլևս պետք չեն լինի. պարետը մի շարք սահմանափակումներ է վերացրել

Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի -Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել, որով չեղարկել է արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ մարտի 16-ին սահմանված մի շարք սահմանափակումներ:

Պարետը երկարացրել է ժամկետը. Մարալիկում ու Ձորակապում կշարունակի գործել հատուկ ռեժիմ

Մասնավորապես՝ մայիսի 4-ից տնից դուրս գալու համար այլևս չեն պահանջվի տեղաշարժման թերթիկները:
Տնտեսական գործունեության տեսակներից մայիսի 4-ից կվերաբացվեն հանրային սննդի՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների բացառապես բացօթյա տարածքները:

Կվերաբացվի նաև ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկի, պոլիգրաֆիական նյութերի և արտադրության այլ տեսակներ: Կվերաբացվեն նաև շինարարության ավարտական փուլի աշխատանքները:

Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում կգործեն միայն խանութներն ու կրպակները:

Իսկ մոլերը, առևտրի կենտրոններն ու շուկաները դեռ կշարունակեն փակ մնալ: Դրանց տարածքում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները: Տրանսպորտը ևս առայժմ չի աշխատի:

Ամբողջությամբ կվերաբացվի նաև տեղեկատվության և կապի ոլորտը, բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքներն ու արգելոցները:

Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը ստիպում են օրենքներ փոխել. ԱԺ-ն դեմ չէ

Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը դեռ փակ կմնա, բացառությամբ պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների ու մարզումների իրականացման:

Պարետի որոշմամբ կգործեն նաև լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մարմնի խնամքի ծառայությունները:

Պարետատունը սակայն հիշեցնում է, որ վերաբացված բոլոր ոլորտներում գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։

«Գլորիա» կարի ֆաբրիկայի ճակատագիրը պարետատան ձեռքում է. շուտով որոշում կլինի

«Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել»,- նշել է Ավինյանը։

Նշենք, որ թեև միջմարզային տեղաշարժի սահմամնափակումներն արդեն վերացվել էին, բայց, վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված, պարետի որոշմամբ կարող են կիրառվել առանձին համայնքների ելումուտի ժամանակավոր սահմանափակումներ:

Պարետը միաժամանակ հայտնում է, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի:

Հայաստանը հավակնոտ օրակարգ ունի. Տիգրան Ավինյանի ուղերձը