ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն ու պարետատունն անցնում են կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն պայքարի փուլ: Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը:
«Ակնհայտ է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ պիտի շարունակենք ունենալ կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, վաղվանից մենք որոշեցինք ամեն ինչ անել ու կեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ և ոչ թե փակված մնալ: Որովհետև հավատացեք, որ 1 տարի շարունակ փակված մնալ հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը:
Եվ, քանի որ արտակարգ դրության երկու ամիսները ցույց տվեցին, որ անգամ ամենախիստ սահմանափակումների դեպքում համաճարակի հաղթահարումը հնարավոր չէ, վարչապետի խոսքով, որոշել են անցնել սահմանափակումների ավելի մեղմ ռեժիմի:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ երկու ամիսների սահմանափակումները թեև բերեցին դեպքերի հնարավոր տարածման որոշակի զսպման, բայց ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը, հնարավոր չեղավ:
Մյուս կողմից, հույսերը, որ եղանակի ջերմացումը կբերի դրական արդյունքների ու կկանխի վարակի տարածումը, Ավինյանի խոսքով, ևս չիրականացան:
«Բարձր ջերմաստիճակի դեպքում վարակը տարածվում է: Նման փորձ արդեն ունեն արաբական երկրները, որտեղ 30-35 աստիճանի դեպքում վարակը շարունակում է տարածվել»,- նշեց Ավինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր խոսքում անդրադարձավ վերջին օրերին վարակի հայտնաբերված դեպքերի աճին: Նրա խոսքով՝ դա հետևանք էր որոշակի սահմանափակումների մեղմացման ու տեղաշարժի որոշ ազատությունների:
Քանի՞ բժիշկ է վարակվել կորոնավիրուսով. նախարարը թվեր է հրապարակել
«Մենք տեսնում ենք, որ անվտանգության կանոնները լավ չեն պահպանվել, կամ առնվազն՝ լավ չեն պահպանվել՝ թե՛ արտադրական կոլեկտիվներում ու թե հավաքատեղիներում»,- ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք՝ վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում վերջին 1 օրում ավելացել է 113-ով և դարձել 2386։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24177 թեստավորում, արդեն բուժվել է 1035 պացիենտ։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 35 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք: