Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27 տարեկան կին է մահացել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պացիենտը խրոնիկական հիվանդություններ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու մեկ դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

«Կորոնավիրուսից մահացածը 27 տարեկան կին է։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ 27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։

«Վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը, և նրա կյանքը չհաջողվեց փրկել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, վարակվածներից 977-ն առողջացել են, 33-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 22 177 թեստավորում:

Հիշեցնենք` ապրիլի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկը բավական երիտասարդ է՝ 27 տարեկան: Սակայն ունի ծանր խրոնիկ հիվանդություն. բժիշկներն ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։